Բաժիններ՝

Վրաստանի նախկին նախագահները կհրավիրվեն Մարգվելաշվիլիի երդմնակալությանը

Грузия Online-ի փոխանցմամբ՝ նոյեմբերի 17-ին կայանալիք Վրաստանի նորընտիր նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի երդմնակալությանը հրավիրվելու են նախկին նախագահներ Միխեիլ Սաակաշվիլին ու Էդուարդ Շևարդնաձեն, ինչպես նաև խորհրդարանը՝ իր ողջ կազմով: Այս մասին երեկ լրագրողների հետ զրույցում հայտարարել է Վրաստանի արտգործնախարար Մայա Փանջիկիձեն:

Վերջինիս խոսքերով՝ հոկտեմբերի 27-ին Վրաստանում հիրավի անցկացվել են եվրոպական չափորոշիչներին համապատասխան ընտրություններ, և հետևաբար երդմնակալության արարողությունը նույնպես պետք է համապատասխանի եվրոպական չափորոշիչներին:

Փանջիկիձեն հիշեցրել է, որ եվրոպական երկրների մեծ մասում երդմնակալությունը հաճախ անցկացվում է խորհրդարանի նիստերի դահլիճում, սակայն իրենք հնարավորություն չունեն դա Թբիլիսիում անելու համար, քանի որ խորհրդարանը գտնվում է Քութայիսում.

«Դրա համար էլ մենք ընտրել ենք օպտիմալ տարբերակը, որոշվել է մեծ ծախսերից խուսափելու համար երդմնակալության արարողությունն անցկացնել Թբիլիսիում խորհրդարանի շենքի ներքին բակում: Բացի այդ միջոցառումից, կլինի ռազմական բաղադրիչ (առանց ավիացիայի ու ծանր տեխնիկայի), կհնչի Վրաստանի օրհներգը և կբարձրացվի պետական դրոշը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս