Յանուշ Վիշնևսկի. Ես փնտրում եմ պատմություններ, դրանք ինձ պետք են… (ֆոտոշարք)
Հոկտեմբերի 25-ին «Զանգակ» գրատանը հավաքվել էին մի խումբ գրականասերներ՝ հանդիպելու «Գրական տապան-2013» փառատոնի շրջանակում Հայաստան հրավիրված անվանի լեհ գրող, «Одиночество в Сети», «Любовница» և այլ հայտնի գրքերի հեղինակ Յանուշ Լեոն Վիշնևսկիի հետ: Գրական ջերմ մթնոլորտը տևեց շուրջ երկու ժամ:
Յանուշ Վիշնևսկին Հայաստանի մասին
Ինձ համար շատ հաճելի է լինել Հայաստանում: Ես ինձ այստեղ շատ լավ եմ զգում, Դուք հաղորդակցվելու խնդիր չունեք, իսկ դա շատ լավ է: Կան երկրներ, որտեղ ես չեմ ցանկանում երկրորդ անգամ այցելել, իսկ կան երկրներ, որտեղ ցանկանում եմ կրկին ու կրկին այցելել: Մինչ Հայաստան գալը` մի փոքր գիտեի Ձեր երկրի մասին: Գիտեի, որ ամեն ինչ սկսել է Հայաստանից (ժպտում է-Գ.Ա.): Ինձ շատ է դուր գալիս նաև Ձեր այբուբենը… Ցավոք սրտի, ես ունեմ ընդամենը 2-3 օր, հետո ստիպված եմ լինելու Գերմանիա թռչել, որովհետև այնտեղ կարևոր գործեր ունեմ:
Յանուշ Վիշնևսկին իր՝ «Одиночество в Сети» և «Любовница» գրքերի մասին
Տարիներ առաջ, երբ ես գրում էի իմ առաջին գիրքը՝ «Одиночество в Сети»-ն, մտածում էի, որ դա կլինի առաջին և վերջին գիրքս: Ինձ պետք էր գրել այդ գիրքը: Հետո ես սկսեցի կարոտել այն զգացմունքներն ու էմոցիաները, որոնք ունեի գիրքը գրելու ժամանակ:
Գրքի ունեցած հաջողությունից հետո ինձ ասացին, որ նոր գիրք գրեմ: Երբ հարցրեցի՝ ինչի՞ մասին, պատասխանեցին. «Ինչի մասին ուզում ես»: Այդպես գրեցի իմ պատմվածքների ժողովածուն, որը ես շատ եմ սիրում: Ռուսերեն այն կոչվում է «Любовница», իսկ լեհերեն՝ «Синдром напряжения»: Ռուսներին այս անվանումը դուր չեկավ և պատմվածքներից մեկի հիման վրա գիրքը անվանեցին «Любовница»:
Ես շատ ուրախ կլինեմ, եթե իմ գրքերը թարգմանվեն նաև հայերեն: Ես հիմա նոր գիրք եմ գրում, որը կցանկանայի, որ Հայաստանում ավելի շուտ հայտնվեր, քան Ռուսաստանում: Իսկ մինչ այդ կարող եք թարգմանել «Любовница»-ն:
Յանուշ Վիշնևսկին երկրպագուներից ստացած նամակների մասին
Ես կանանցից շատ նամակներ եմ ստանում: Գիտեմ, թե ինչ են մարդիկ զգում գրքերս կարդալուց: Ընթերցողներս իրենց կյանքից շատ ինտիմ դեպքեր են պատմում, ինձնից խորհուրդներ հարցնում:
Ես համացանցում միշտ օնլայն եմ, բայց դա չի նշանակում, որ ես միշտ Facebook-ում եմ կամ ВКонтакте-ում: Համացանցի միջոցով աշխարհի տարբեր ծայրերում բնակվող ընկերներիս հետ եմ շփվում: Facebook-ում ունեմ իմ անձնական էջը և պատասխանում եմ նամակներին: Ես օգտագործում եմ համացանցը, բայց դա չի նշանակում, որ ես ապրում եմ համացանցում:
Ամենասիրելի և նվազ սիրելի գրքերը
Ամենակարևոր ու ամենասիրելի գիրքս առաջին գիրքն է: Այն նման է առաջին երեխային: Դու մեծ ուշադրություն ես նրան դարձնում և շատ մեծ զգացմունքներ ունես նրա նկատմամբ: Կարծում են, որ ես համացանցում սեր եմ ունեցել և գրել եմ իմ պատմությունը: Դա այդպես չէ, ես ուղղակի լավ ճանաչում եմ այս գրքի հերոսուհուն: Շատ եմ սիրում նաև «Любовница»–ն` իմ երկրորդ գիրքը, որ շատ էմոցիոնալ գիրք է: Այն իմ միակ գիրքն է, որը ես կարդացել եմ:
Կինն ու տղամարդը
Ես ֆեմինիստ չեմ, քանի որ նրանք կարծում են, որ տղամարդն ու կինը նույն հարթությունում են, իսկ ես այդպես չեմ կարծում: Ինձ համար կինն ավելի բարձր մակարդակում է, քան տղամարդը:
Ես շատ եմ կարդացել կանանց հոգեբանությանը վերաբերող գրքեր: Բայց ես նրանց բավականին լավ չեմ ճանաչում: Կանայք ցանկանում են սիրել մեկ անգամ և երկար, իսկ տղամարդիկ… Այն գաղտնիքը, որը կա կանանց մեջ, ամենակարևորն է, որը մենք` տղամարդիկս, մինչև վերջ չեն ճանաչում:
Հետաքրքիր է` ինչո՞ւ են ինձ միշտ կապում կանանց, սիրո թեմաների հետ: Ես այլ թեմաների մասին էլ եմ գրքեր գրել:
Ասում էին, որ Վիշնևսկին գրում է միայն կանանց մասին: Ես էլ որոշեցի գրել տղամարդկանց մասին, այն մասին, թե արդյոք մենք պե՞տք ենք այս երկրին («Зачем нужны мужчины»):
Գրողն ու ընթերցողը
Շատ քչերը գիտեն, որ ես երեխաների համար հեքիաթներ եմ գրել: Ի դեպ՝ շատ դժվար է նրանց համար հեքիաթներ գրելը:
Իմ աղջիկները շատ գրում են, բայց երևի միայն sms-ներ:
Գրողներ կան, որոնք իրենց գրքերի վաճառքից ստացված գումարով են ապրում: Այսօր իմ գրքերը կարելի է օնլայն կարդալ, բայց ես, երբ ինչ-որ գիրք հավանում եմ, օրիգինալ տարբերակն եմ գնում:
Ես չէի ցանկանա, որ փոքր աղջիկները կարդային իմ «Одиночество в Сети» գիրքը: Լեհաստանի դպրոցներից մեկում այս գիրքն արգելված է և black list գրքերի ցանկում է:
Քաղաքական հայացքները
Ես քաղաքականություն չեմ սիրում, դրանով չեմ զբաղվում: Չէի ցանկանա, որ իմ քաղաքական հայացքներն օգտագործեին ինչ-որ մարդկանց դեմ:
Գրողն ու իր հերոսները
Ոչ մի հատուկ բան չպետք է մարդն ունենա, որպեսզի դառնա իմ հերոսը: Կան մարդիկ, ովքեր չգիտեն էլ, որ իմ հերոսներն են:
Ես փնտրում եմ պատմություններ, դրանք ինձ պետք են…:
Կազմակերպիչները՝ միջոցառման մասին
«Գրական տապան» փառատոնի թարգմանիչների և հրատարակիչների ֆորումի կազմակերպիչներից Նաիրա Խաչատրյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ Յանուշ Վիշնևսկիին հրավիրելը պայմանավորված է այն հանգամանքով, որ վերջինս «ճանաչված և հայտնի գրող լինելուց բացի, նաև հրատարակիչների տեսանկյունից նրա հետ կարելի է շատ արդյունավետ ծրագրեր կազմել` ակնկալիքով, որ նրա թարգմանված գրքերը հեշտ կվաճառվեն»:
«Գրքերն այսօր այնքան երկար են մնում գրախանութներում, որ միակ բանը, որը կարող են անել, փոշի սրբելն ու վերադասավորելն է,-նկատեց Նաիրա Խաչատրյանը և հավելեց,- «Գրական տապան» փառատոնն ամեն տարի տեղի է ունենում գրեթե նույն ծրագրով:
Հրավիրվում են հայտնի և ոչ այնքան հայտնի գրողներ, կազմակերպվում են այցելություններ Հայաստանի մշակութային վայրերով, ծանոթացնում ենք մեր պատմությանը, գրականությանը, ժողովրդի կյանքին, կենցաղին` ակնկալիքով, որ հետագայում բոլոր այս ճամփորդությունները վերածվելու են ակնկարկի, էսսեի կամ բանաստեղծության: Փառատոնի նպատակներից մեկն այն է, որ մեր հասարակությունը կարողանա ծանոթանալ գրողների հետ, լսի նրանց դասախոսությունները, ծանոթանա նրանց ստեղծագործություններին: Երբեք այս միջոցառումն անարդյունք չի մնում»:
Լուսանկարները՝ հեղինակի