Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում կազմակերպված դիտարկումն անցել է առանց միջադեպերի
Հոկտեմբերի 25-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել ԼՂՀ Մարտակերտի շրջանի Լևոնարխ գյուղի մոտակայքում: Այս մասին տեղեկացնում է ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:
ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկը և նրա դաշտային օգնականներ Խրիստո Խրիստովը /Բուլղարիա/ և Իրժի Աբերլեն /Չեխիա/:
Շփման գծի հակառակ կողմից դիտարկման խմբի մեջ մտնում էին ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնական Եվգենի Շարովը /Ուկրաինա/ և ԵԱՀԿ ԳՆԱՆ գրասենյակի աշխատակից Պետեր Սվեդբերգը:
Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի, կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել:
Դիտարկման առաքելությանը ղարաբաղյան կողմից ուղեկցել են ԼՂՀ արտաքին գործերի նախարարության և պաշտպանության նախարարության ներկայացուցիչները: