Բաժիններ՝

«Ինչ-որ բան անող մարդկանց դեմքերին հոգնածություն չեք տեսնի, որովհետև ինչ-որ բան անելն արդեն կռիվ է»

Նկարիչ Պետո Պողոսյանի քաղաքանկարները ներկայացվելով միջազգային փառատոներին, ցուցադրվելով տարբեր թանգարաններում և գալերեաներում` օտարերկրյա քաղաքացիներին պատմում են Հայաստանի, մասնավորապես՝ Երևանի մասին: Հետաքրքիրն այն է, որ քաղաքանկարները Հայաստանի մասին անտեղյակ այցելուների մոտ մեր երկրի մասին հարցադրումներ են առաջացնում: ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում տեղի ունեցած Պ. Պողոսյանի աշխատանքների ցուցադրությունը թվով 6-րդ անհատական ցուցահանդեսն էր: Վերջին տարիներին աշխարհի շատ երկրներում կազմակերպվում են ջրաներկի միջազգային բիենալեներ, որոնց ակտիվ մասնակիցն է Պ. Պողոսյանը:

Շանհայում կազմակերպված ջրաներկով ստեղծագործությունների բիենալեին նույնպես նա մասնակցել է և շատ տպավորված է այդ մասշտաբային ցուցադրությամբ, կատալոգով, մրցանակային ֆոնդով: Ընդ որում՝ խոշոր այդ միջոցառմանը հայտ է ներկայացրել աշխարհի 3000 ակվարելով աշխատող պրոֆեսիոնալ արտիստ: Մենք փորձեցինք զրուցել նկարիչ Պ. Պողոսյանի հետ` նրա քաղաքանկարների շարքի, արվեստի շուկայի և այլ հարցերի շուրջ:

– Ինչո՞վ է սպեցիֆիկ ակվարելով նկարչությունը: Միջազգային արվեստի շուկայում վերջին տարիներին կարծես թե մեծ տեղ են տալիս այդ նյութերով ստեղծագործություններին, մանավանդ, ինչպես նշեցիք, ջրաներկի դպրոցներն է՛լ ավելի զարգացնում են՝ խոշոր մրցույթներ և բիենալեներ կազմակերպելու միջոցով:

Peto (1)

Կարդացեք նաև

Peto (3)

– Նախ` ջրաներկն, ի տարբերություն մյուս նյութերի, թե՛ թեմատիկայի, թե՛ տեխնիկայի իմաստով` մաքսիմալ կենտրոնացում է պահանջում: Ավելին՝ նկարելու և հետագա պրոցեսում ջրաներկին վերահսկելը շատ դժվար է, որովհետև, պետք է և՛ վարիացիաներ անես, և՛ մնաս քո մտածած շրջապտույտի մեջ՝ կանգ առնելով ոսկե միջինի վրա: Այն հրաշալի, գեղեցիկ նյութ է, որն իր գծով ժամանակակից արվեստում իր զարգացումն է ապրում: Ջրաներկն աշխարհում շատ սիրողներ ունի և Հայաստանում նույնպես առաջիկայում կունենա, թեև արդեն սիրողների փոքրիկ դաշտ ունի:

– Մեզ մոտ ակտուա՞լ է քաղաքային ժանրը, այն էլ՝ ջրաներկով:

– Քաղաքանկարն այսօր մեզ մոտ, ըստ էության, գրեթե բացակայում է, հավանաբար, որովհետև, որպես ժամանակակից քաղաք` մեր քաղաքը դեռ ձևավորման փուլում է: Քաղաքն այսօր ձևավորվում, արագ-արագ փոփոխվում է, ընդ որում՝ հաճախ վատ, մեկ-մեկ լավ է տրանսֆորմացվում, բայց ամեն դեպքում՝ մեզ մոտ առկա են քաղաքային գտնված տեսարաններ, անկյուններ, որոնք կարծես արդեն նկարված են: Բնականաբար, ունեմ բնանկարներ, դիմանկարներ, բայց ինձ հետաքրքիր է քաղաք ասվածն` իր խոր իմաստով: Ինձ հոգեհարազատ է այն էքզիստենցիալ տարածքը, որտեղ ես եմ, այսինքն՝ Երևանը:

Peto (4)

– Այդ էքզիստենցիալ տարածքը շատերը բնորոշում են ոչ թե` որպես քաղաքային տարածք, այլ՝ գավառ, որտեղ մեծամասամբ բացակայում է ճարտարապետական էսթետիկան:

– Ինձ համար Երևանը հրաշք քաղաք է, և մեր քաղաքն իսկական քաղաք է` իր լավ ու վատ կողմերով: Երևանը գավառ չէ, պարզապես որպես քաղաք` ժամանակագրության իմաստով, քիչ պատմություն ունի, իսկ էսթետիկայի իմաստով, այո, քաղքենիությունը շատ է, բայց լավն էլ կա, ու ամենադժվարը լավը տեսնելն է: Քաղաքին պետք է անկյունից նայել՝ էսթետիկան, ճիշտը, արժեքավորը գնահատելու համար: Քաղաքին պետք է ոչ թե նայել, այլ՝ տեսնել: Ինձ համար քաղաքը մի միջավայր է, որտեղ զգացմունքներ, լիցքեր կան: Ի դեպ, նշեմ, որ հետսովետական քաղաքային տարածքի որոշ շենքերի դասավորությունը, գրագետ ճարտարապետությունն ինձ համար գոնե արժեք է: Չեմ վախենա ասել, որ նույն Հյուսիսային պողոտայի որոշ անկյուններ գտնված տարածքներ են:

– Մասնավորապես` դրսից եկած մարդիկ նկատում են, որ քաղաքի մարդիկ հոգնած, անտրամադիր ու անհավես են:

– Դա լիցքի բացակայությունն է, ավելի ճիշտ՝ քիչ լիցքերի առկայությունը: Մարդիկ մի տեսակ չեն փորձում դրական բան նկատել, ընդ որում՝ դժվար է լավը վերցնել և հեշտ՝ վատը տեսնել: Իրականում, այո՛ վատ է բոլորիս կյանքը, բայց պետք է փորձել կռիվ տալ և, ընդ որում՝ կռիվ տվող մարդիկ բավականին լավ դեմքերով են՝ հոգնած ու անտրամադիր չեն: Ինչ-որ բան անող մարդկանց դեմքերին հոգնածություն չեք տեսնի, որովհետև ինչ-որ բան անելն արդեն կռիվ է:

Peto (5)

Peto (8)

– Ի՞նչ եք կարծում, արվեստը պե՞տք է արտացոլի իրականությունը: Օրինակ՝ մեր երկրում շատ սուր քաղաքական, հասարակական խնդիրներ կան՝ աղքատություն, արտագաղթ, իրավունքների և ազատությունների սահմանափակում, որի արդյունքում` մարդկային ճակատագրեր են խեղվում: Մեր իրականության այդ խոցելի շերտն իր բոլոր դրվագներով պատկեր չի դառնում գրականության, գեղանկարչության, թատերական ոլորտում: Մինչդեռ արվեստի միջոցով, թեկուզ ոչ ռեալիստական՝ այլախոհական մոտիվներով այդ թիրախների անդրադարձը կարող էր շարքային մարդու համար գրական, նկարչական, թատերական հետաքրքիր նյութ լինել:

– Անշուշտ, արվեստը պարտադիր պիտի արտացոլի իրականությունը: Ի վերջո, արվեստը պետք է իրականից, լարման կետից ստեղծվի, այսինքն՝ այն կյանքից, որն ապրած, զգացած է, այլ հարց է, որ մարդն այլ քաղաքակրթության, ոչ երկրային փիլիսոփայության կրողն է: Ամեն դեպքում՝ բոլորն են աշխարհում ապրում, որը կապակցված է շրջապատող աշխարհի իմպուլսների հետ: Անգամ վերացարկումը՝ աբստրակցիան, ինչը շատ ռեալ աշխարհ է՝ դա էլ է իրականության արտացոլում: Ես համաձայն չեմ ձեր այն մտքի հետ, որ հասարակական խնդիրներն իրենց ողջ բովանդակությամբ տեղ չեն գտնում արվեստում:

Գեղանկարչության մեջ և՛ իմ սերնդակիցները, և՛ ավելի մեծ նկարիչներն ունեն նման աշխատանքներ և` շատ: Իմ «Ավելի լավ Երևան» վերտառությամբ գործը ձեր մատնանշածի վառ օրինակն է, պարզապես յուրաքանչյուր մարդ տեսնում է իր գծով: Ես Գյումրիում եմ ծնվել և երկրաշարժի օրը դրսում եմ գիշերել, ունեմ աշխատանքներ, որոնք ապրված են այդ սոսկալի իրավիճակները:

Peto (10)

Peto (8)

Այնպես որ, արվեստը հստակ դնում է այդ հարցադրումները, և արվեստագետներից ամեն մեկն այդ խնդիրները դնում է իր անկյունից: Այս ամենի հետ մեկտեղ, պետք է նշեմ, որ արվեստագետն ընդհանրապես դրականից սնվող է, իր համար ծանր է այդ ամենը և, բնավ պետք չէ մտածել, թե նա վախենում է, պարզապես այդ ծանրը փորձում է ներկայացնել նուրբ, բայց, որը գուցե շատ ավելի ծանր է, քան իր ռեալ ծանր կարգավիճակն է, որպեսզի դա ոչ թե կառուցվի սենտիմենտալության, խղճահարության, լացելու բովանդակության վրա, այլ՝ ունենա հարցադրում:

– Անդրադառնանք արվեստի շուկային. պարադոքսալ երևույթ կա՝ նկարիչների բողոքական մի շերտ կա, որը պնդում է, թե Հայաստանում արվեստի շուկա չկա, չկա նաև գեղարվեստական արժեք տեսնելու հասարակական պահանջ, և ստեղծագործությունների իրացման միակ ճանապարհը տեսնում է այլ երկրներում: Մյուս շերտն, առավել երիտասարդները՝ ավելի ճկուն, շրջահայաց են, կարողանում են ինքնուրույն կապեր ստեղծել` թե՛ Հայաստանում, թե՛ դրսում ցուցադրվելու և գործեր վաճառելու համար: Այնուամենայնիվ, արվեստի շուկա ձևավորվո՞ւմ է, թե՞ ոչ:

– Աշխատանքներն իրացնելն ահավոր բարդ բան է, ընդ որում՝ իրացնելու համար պետք է լինի դպրոց, տարածք, որակյալ գործ, թիրախային խումբ, որը կտեսնի այն ամենն, ինչ ցանկանում է տեսնել: Բնականաբար, եթե չկարողանաս այդ ամենը տալ՝ պետք է դժգոհ լինես արվեստի ոլորտից, հասարակությունից, շուկայից: Ինձ համար շատ դժվար է եղել քաղաքանկարն անել ժամանակակից քաղաքի ստենդներով, ակվարելով, դա ռիսկ է, բայց իմ երկարատև աշխատանքի արդյունքում գործերս սկսեցին վաճառվել: Ավելին՝ այդ ամենն իր գնահատականը ստացավ շատ ավելի միջազգային բարձր հարթակներում, քան հայաստանյան քննադատական, պրոֆեսիոնալ տարածքն է: Չինական, ամերիկյան, եվրոպական ժամանակակից ջրաներկի դպրոցներն այսօր ինչ-որ գնահատական ինձ տվել են:

Ես ոչ միայն ստեղծագործում եմ, այլ՝ ինքս զբաղվում եմ իմ արվեստի ներկայացմամբ, վաճառքով, այլ գալերեաների հետ համագործակցությամբ: Անդրադառնալով գալերեաների գործունեությանը, պետք է նշեմ, որ իսկապես դժվար է զբաղվել ժամանակակից նկարիչներով: Տեսե՛ք, դրսում գալերեաներն ինչպես են աշխատում, դա ուրիշ մշակույթ է:

Սա է մեր իրականությունը, որտեղ կան շատ քիչ գալերեաներ, գրեթե չկան գործակալներ, որոնք կփորձեն քեզ «պտտեցնել», դրա համար էլ՝ կապերը ստեղծում ես դու: Դժվար է և՛ նկարել, և՛ նկարն իրացնել, բայց այլ տարբերակ այս պահին չունենք: Դրանից զատ, Հայաստանում ջրաներկի միջազգային դաշտին խորը տիրապետող մարդիկ, որքան ես եմ տեղյակ, գրեթե չկան, հետևաբար` ինքս եմ փորձում զբաղվել աշխատանքներիս վաճառքով, ինչպես նաև՝ միջազգային միջոցառումներին իմ մասնակցությունն ապահովել: Որքան էլ շատերը պնդեն, թե շուկա չկա՝ այնուամենայնիվ, ես իմ շուրջը ստեղծել եմ փոքրիկ շուկա, և այն ձևավորվել է իմ արվեստը սիրողների, հետաքրքրվողների, գնորդների շուրջը:

Հ.Գ. Պ. Պողոսյանի ստեղծագործությունները ցուցադրվում են նաև «www. Hi-artonline. com» կայքի վիրտուալ գալերեայում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս