Աղվան Վարդանյանը՝ Նիկոլ Փաշինյանին. «Խորհուրդ կտայի լինել ավելի կոռեկտ և չփորձել գնահատականներ տալ ուրիշներին»

ԱԺՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը` այսօր դիմելով ՀՅԴ խմբակցությանը, հայտարարել էր. «Իմ կողմից շատ հարգված գործընկերն ասում է, որ, լինելով ընդդիմության մեջ, իրենք կողմ են այս («Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» նախագծի:-Տ.Մ.) օրենքի նախագծին: Որ կողմ են՝ հասկանալի է, բայց եկեք նորից նայենք ընդդիմություն լինելու հարցը: Իմ համեստ, իմ անձնական պատկերացմամբ, ընդդիմություն լինելով և Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանության թիվ մեկ պահանջատերի դերում հանդես գալով, չեն գնում և կողմ քվեարկում Ավետիք Բուդաղյանի սպանությունը պարտակած դատախազի թեկնածուին և ոչ էլ համաձայնում են դեսպանի պաշտոն ստանձնել»:

168.am-ը ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանից հետաքրքրվեց, թե ինչպե՞ս են վերաբերում, որ Ն. Փաշինյանը կասկածի տակ է դնում ՀՅԴ ընդդիմություն լինելու հանգամանքը: Նա նախ շեշտեց, որ օրինագծի քննարկման ժամանակ իրենց պատգամավոր Արծվիկ Մինասյանը փաստարկված ներկայացրել է դիրքորոշումը՝ հիշեցնելով, որ աշխատավարձերի միասնական համակարգի վերաբերյալ քաղաքականությունը եղել է ՀՅԴ-ի ծրագրային յոթ կետերից մեկը, ուստի Դաշնակցությունը դրական քայլ է համարում նախագիծը:

«Մեր գնահատականները հիմնավորված են ու փաստարկված: Մենք խոսում ենք որպես կուսակցություն, որպես խմբակցություն: Իհարկե, պարոն Փաշինյանն ազատ է իր տեսակետն արտահայտելու մեջ, բայց խորհուրդ կտայի լինել ավելի կոռեկտ և չփորձել գնահատականներ տալ ուրիշներին: Այն, որ մենք ընդդիմություն ենք, Նիկոլ Փաշինյանը չի որոշելու, այն, որ մենք շատ ավելի հստակ ենք պատկերացնում այս պետության խնդիրները և մեր դերն իբրև ընդդիմություն, դա ևս երաշխավորում եմ: Երբ մարդն իրեն իրավունք է վերապահում դատել, գնահատել ուրիշներին, միշտ մեծ է հավանականությունը, որ կարող է չարաչար սխալվել: Կարծում եմ` սա այդ դեպքն է և խորհուրդ կտայի պարոն Փաշինյանին նկատի ունենալ սա առաջիկայում»,- հայտարեց Աղվան Վարդանյանը:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս