
Ինչու Փաշինյանը չի կարող քվեարկել Սերժ Սարգսյանի, Հովիկ Աբրահամյանի, Տիգրան Սարգսյանի աշխատավարձը բարձրացնելու օգտին

«Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» նախագծի քննարկման ժամանակ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ ընդդիմության այն ներկայացուցիչներին, ովքեր կողմ են այս օրինագծին:
Դիմելով մասնավորապես ՀՅԴ-ին, Նիկոլ Փաշինյանը հայատարարեց. «Իմ կողմից շատ հարգված գործընկերն ասում է, որ, լինելով ընդդիմության մեջ, իրենք կողմ են այս օրենքի նախագծին: Որ կողմ են՝ հասկանալի է, բայց եկեք նորից նայենք ընդդիմություն լինելու հարցը: Իմ համեստ, իմ անձնական պատկերացմամբ, ընդդիմություն լինելով և Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանության թիվ մեկ պահանջատերի դերում հանդես գալով, չեն գնում և կողմ քվեարկում Ավետիք Բուդաղյանի սպանությունը պարտակած դատախազի թեկնածուին և ոչ էլ համաձայնում են դեսպանի պաշտոն ստանձնել:
Ընդհանրապես՝ ինչո՞ւ պետք է բարձրանա դատախազի աշխատավարձը, էլիտար սպանությունները պարտակելու գործում գրանցված հաջողությունների համա՞ր: Ես չեմ կարող կողմ քվեարկել այս օրենքի նախագծին ոչ թե այն պատճառով, որ չեմ ուզում աշխատավարձս բարձրանա, այլ որովհետև ունեմ երեք հիմնավոր պատճառ: Առաջին՝ եթե հանդիպեմ իմ ուուցչին, ով հաց ու ջրի փող չունի, ես չեմ կարողանա պատասխանել նրան, թե ինչո՞ւ եմ կողմ քվեարկել իմ աշխատավարձի կրկնապատկման համար: Երկրորդ՝ այս փաթեթով առաջարկվում է բարձրացնել այն մարդկանց աշխատավարձը, որոնց մոտավորապես 70 տոկոսը ներգրավված են ընտրությունները կեղծելու, քաղաքական հետապնդումներ իրականացնելու գործին և դերակատար են երկիրն այս հուսահատ վիճակին հասցնելու հարցում: Երրորդ՝ չեմ կարող քվեարկել Սերժ Սարգսյանի, Հովիկ Աբրահամյանի, Տիգրան Սարգսյանի աշխատավարձը բարձրացնելու օգտին, որովհետև եթե անեմ դա, կնշանակի ընունում եմ, որ նրանք արժանի են աշխատավարձերի բարձրացման: Ես կարծում եմ, որ նրանք արժանի են անհապաղ պաշտոնանկության լավագույն դեպքում»: