Գալուստ Սահակյանի և այլ ՀՀԿ-ական պատգամավորների օրենսդրական նախաձեռնությունը լրամշակման կարիք ունի. Կառավարության եզրակացությունը
Ինչպես տեղեկացնում է ՀՀ կառավարության պաշտոնական կայքը՝ կառավարությունն այսօր քննարկել է «հարկերի մասին» և «Բյուջետային համակարգի մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու օրենքների նախագծերի փաթեթը, որն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել են ՀՀ Ազգային Ժողովի մի խումբ պատգամավորներ: Մասնավորապես, առաջարկվում է սահմանել, որ հարկի դրուքաչափի բարձրացում, նոր հարկատեսակի սահմանում նախատեսող օրենքները կարող են ուժի մեջ մտնել այդ օրենքներն ընդունվելու տարվան հաջորդ ֆինանսական տարվա սկզբից, բայց ոչ շուտ, քան այդ օրենքների պաշտոնական հրապարակումից հետո վեցերորդ ամսվա սկզբից: Գործադիրը գտնում է, որ փաթեթում ընդգրկված առաջին օրինագիծը լրամշակման կարիք ունի, իսկ երկրորդը փաթեթից անհրաժեշտ է հանել: Հավանություն է տրվել կառավարության համապատասխան եզրակացության նախագծին: Նշենք, որ նախաձեռնության հեղինակներն են ԱԺ ՀՀԿ-ական պատգամավորներ Գալուստ Սահակյանը, Խոսրով Հարությունյանը, Հովհաննես Սահակյանը, Մնացական Մնացականյանը, Արմեն Մխիթարյանը և Հակոբ Հակոբյանը։