Հայրիկյանը պահանջում է «հանցագործ ճանաչված» անձանց փոխհատուցել իր նյութական վնասը

ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը բողոքարկել է իր դեմ մահափորձի գործով առաջին ատյանի դատարանի կայացրած վճիռը: 168.am-ի հետ զրույցում Պ. Հայրիկյանն ասաց, որ բողոքարկել է ներկայացված քաղաքացիական հայցը քննության չառելու դատարանի որոշումը: «Օրենքն ասում է, որ հանցագործը, եթե ճանաչված է հանցագործ, պետք է փոխհատուցի իր պատճառած նյութական վնասը: Ինձ պատճառված նյութկան վնասն ահռելի է՝ հաշվի առնելով բարեկամների ժամանումը, հիվանդանոցները, վիրահատությունը: Հիմա ի՞նչ ստացվեց: Այդ ծախսերի մի մասը հոգաց պետությունը՝ հարկատուների հաշվին, բայց պետական մեղադրողը փոխանակ պետության ծախսած գումարը ետ պահանջեր, հետո իրեն միացավ դատարանը, նրանք այդ հարցին չանդրադարձան: Այսինքն՝ օրենքի այդ պահանջը կյանքի չկոչվեց: Ես դա համարում եմ լուրջ բացթողում: Եթե իմ հանդեպ կարող էին անտարբեր լինել, պետական միջոցների նկատմամբ ինչպե՞ս էին անտարբեր: Չէ՞ որ պետությունն ինչ-որ ծախս արել է ինձ համար, ամբողջական չէ, բայց ծախս է արել, բայց այդ ծախսը պետությունը ստիպված է եղել անել հանցագործության պատճառով: Վճարողներն էլ հարկատուներն են: Ամեն քաղաքացուց, կարգին մարդկանցից 10-ական դրամ է հավաքված, որ Հայրիկյանին առաջին բուժօգնություն ցույց տրվի: Չեմ խոսում մյուս բազմաթիվ տրավմաների մասին. ես ահագին գործեր կորցրի, որ պիտի անեի, որ չեմ կարող անել հիմա և չեմ կարողանում անել: Ինչո՞ւ պիտի հարկատուն հանցագործության հովանավոր դառնա անուղղակի: Դա անթույլատրելի բան է»:

Պարույր Հայրիկյանի խոսքով՝ իրեն հատկացված գումարը պետք է ետ վերցնի հանցագործություն կատարած անձանցից:

«Գործը մինչև վերջ բացված չէ: Մենք անպայման պետք է բողոքարկենք, որ գործը մտնի վերաքննիչ դատարան: Վերաքննիչ դատարանում, իհարկե, խոսելու ենք 100 հազար փոխանցման մասին»,- ասաց Պարույր Հայրիկյանը:

Հիշեցնենք, որ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քրեական գործի դատաքննության ընթացքում Պ. Հայրիկյանը հայտարարել էր, որ գործով ամբաստանյալ, առաջին ատյանի դատարանի վճռով մեղավոր ճանաչված Վարդան Սեդրակյանին 1-2 տարվա ծանոթ Ռուսաստանի քաղաքացին 100 հազար դոլար է փոխանցել: Դատարանում Պ. Հայրիկյանը միջնորդել էր այդ անձին հարցաքննության կանչել. դատարանը մերժել էր Հայրիկյանի միջնորդությունը:

Կարդացեք նաև

ԱԻՄ առաջնորդի խոսքով՝ այդ գումարի փոխանցման հանգամանքները դատարանում պետք է մանրամասն ուսումնասիրվեն. Ռուսաստանի իրավապահ մարմինների հետ համատեղ պետք է քննվեն հանգամանքները:

Պ. Հայրիկյանի տեղեկացմամբ՝ այս հանգամանքը բողոքում գրված չէ, սակայն երբ գործը հասնի վերաքննիչ դատարան, իրենք հանդես կգան համապատասխան միջնորդությամբ: ԱԻՄ առաջնորդի խոսքով՝ իրենց վերաքննիչ բողոքում չեն անդրադարձել դատարանի՝ ամբաստանյալների նկատմամբ նշանակված ազատարզկման ժամկետին: Հիշեցնենք, որ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանը ապացուցված էր համարել գործով երեք ամբաստանյալների մեղքը. Վարդան Սեդրակյանին դատարանը դատապարտել էր 14, Սամվել Հարությունյանին՝ 12, Խաչատուր Պողոսյանին՝ 14 տարվա ազատազրկման:

Մանրամասները՝ «168 ժամի» վաղվա համարում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս