Զարուհի Փոստանջյանի թեկնածությունն առաջարկել է Արմեն Մարտիրոսյանը
168.am-ի տեղեկություններով՝ երեկ երեկոյան «Ժառանգություն» կուսակցության վարչությունում տեղի է ունեցել քննարկում և վարչությունը որոշում է կայացրել ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավարի փոփոխություն կատարել:
Իսկ այսօր առավոտյան խմբակցության այլևս նախկին ղեկավար Ռուբեն Հակոբյանը ԱԺ խմբակցության նիստ է հրավիրել և տեղեկացրել է, որ հրաժարվում է խմբակցության ղեկավարի պաշտոնից: Զարուհի Փոստանջյանը՝ լինելով խմբակցության քարտուղար, շարունակել է նիստը վարել: Ուշագրավ է, որ խմբակցության նիստին մասնակցել է նաև Արմեն Մարտիրոսյանը, և հենց ինքն է խմբակցության պատգամավորներին հայտնել, որ կուսակցության վարչությունը երեկ որոշում է կայացրել, որ խմբակցությունը պետք է ղեկավարի ոչ թե Ռուբեն Հակոբյանը, այլ Զարուհի Փոստանջյանը: Այնուհետև Զարուհի Փոստանջյանը՝ դիմելով խմբակցության անդամներին, հարցրել է. «Ովքե՞ր են դեմ, որ Զարուհի Փոստանջյանը ղեկավարի խմբակցությունը»: Մեր տեղեկություններով, ոչ ոք չի քվեարկել, և Փոստանջյանը դարձել է խմբակցության ղեկավար: