«Տատի՛կ, մի գնա, տատիկ, Իլիանայի պես մեզ չթողնես»

Ասում են ծնողների կողմից լքված երեխաները

Գրադարանի նախկին աշխատակից տիկին Անահիտն անթիվ գրքեր է կարդացել, ընթերցասրահ այցելած շատ երիտասարդների բոլոր հարցերի պատասխանն ունեցել է: Գրեթե միշտ բոլոր հարցերին պատասխանել է, քանի որ կյանքն անցել է գրքերի միջավայրում, որտեղ ամեն մի հարցի պատասխան թաքնված է եղել գրքերից որևէ մեկի մեջ: Տիկին Անահիտն, ով հարուստ կենսափորձից ելնելով` կարծում էր` բոլոր հարցերի պատասխանն ունի, այսօր իր երկու մանկահասակ թոռնիկների հարցերի համար չունի որևէ պատասխան: Թոռնիկների հարցերը մնում են անպատասխան, որը գուցե ավելի ցավոտ է, քան ճշմարտությունը:

4-ամյա Ասյան գրեթե ամեն օր վերցնում է մանկական պայուսակը, ունեցած հագուստը լցնում է մեջն ու քրոջը՝ Սոֆիային, ասում է՝ «Գնում ենք Իլիանայի մոտ»: Երկու փոքրիկներին տատիկն ու պապիկը չեն կարողանում զսպել, քանի որ գրեթե ամեն օր մոր կարոտից նրանք փախչել են ուզում: Երկու քույրերի հիշողության մեջ դաջվել է այն տեսարանը, երբ մայրը ճամպրուկները հավաքած` լքում է իրենց: Նրանց մանկական ամենօրյա խաղը պայուսակները վերցրած տանից փախչելու փորձերն են, որոնք տատիկն ու պապիկը մի կերպ են կանխում, քանի որ դրանք հաճախ ավարտվում են Ասյայի նյարդային նոպաներով:

«Ես որ սամալյոտ եմ տեսնում, ձեռքով կանգնացնում եմ, որ ինձ ու քույրիկիս նստացնի տանի Իլիանայի մոտ, բայց սամալյոտը չի կանգնում: Ես տատիկիս սիրում եմ, բայց տատի՛կ, մի նեղացի, ամենաշատը Իլիանային եմ սիրում, ախր դու ծեր ես, իսկ Իլիանան իմ մաման ա, ամենաշատը Իլիանային եմ սիրում»,- ասում է չափազանց խելացի Ասյան, որի աչքերի տխրությունն ու կարոտն արդեն վերածվել են որբության վախի: Այնպես է ստացվել, որ երկու քույրերի առօրյան սկսվում է «տան» դռնից: Այն դռնից, որը, ճամպրուկները ձեռքին, մայրը վերջին անգամ փակել է՝ մոռանալով իր կյանքի այն փուլը, որտեղ կան երկու մանկահասակ երեխաներ ու որտեղ երեխաները բոբիկ, կիսաքաղց վիճակում ամեն օր, ամեն ժամ փորձ են անում մոր փակած դուռը բացելով, փախչել նրա մոտ:

Asya (7)

Տատիկը՝ տիկին Անահիտը, վախենում է, քանի որ հատկապես մեծը՝ Ասյան, ծանր սթրես է տարել այն պահից սկսած, երբ մայրը լքել է իրենց: Ասում է՝ «Մանկություն չունեն, ամեն օր, ամեն ժամ Իլիանան ա սրանց մանկությունը: Ասյաս կարոտից մեկ-մեկ էնքան նյարդային, չար ա դառնում, որ չեմ կարողանում հանգստացնել: Ես որ տանից դուրս եմ գալիս` երկու քույր կպնում են փեշերիցս, սկսում են լաց լինել, կարծում են` գնալու եմ ու էլ չգամ:

Asya (6)

Asya (2)

Վախն էս երեխեքի հոգեբանությունը լրիվ խաթարել ա»: Երկու քույրերն ամեն օր տունտունիկ են խաղում, որտեղ հավանաբար իրենց երազանքները խաղ դարձնելով` մի քիչ երջանիկ ու ուրախ են դառնում: «Ես Իլիանան եմ լինում, իսկ Սոֆիան` Արամը՝ պապաս, ու մեր տունտունիկում տիկնիկներ էլ կան՝ երեխեքը, մենք էլի՝ ես ու Սոֆիան: Սիրում ենք մեր երեխեքին, ուտացնում, քնացնում, գրկում ենք իրանց ու էլ չենք թողնում: Մենք մեր երեխեքի մոտ ենք էլի, իրանցից հեռու չենք»,- ասում է Ասյան, ով տարիքի համեմատ` այնքան հասուն երեխա է, որ իմ բոլոր հարցերին պատասխանում է մեծ ու տառապած մարդուկի նման: Տատի, պապի ձեռքերը բռնած Ասյան ու Սոֆիան ամեն օր գնում են բարեգործական ճաշարան՝ մի կտոր հաց ուտելու, ու ամբողջ ճանապարհին մեջքով կանգնած, մորը նման կանանց ետևից բղավում են՝ «Իլիանա, սպասի, տատիկ, մամաս…»:

Մանկատան դռնից երեխաներին վերցրել, փախել է
Asya (4)Ասյան ու Սոֆիան երիտասարդ ծնողներ ունեն, որոնք իրենց լքել, մեկնել են Ռուսաստանի Դաշնություն: Այս երեխաների պատմությունը նույնքան տխուր է, որքան իրենց անասնագոմի նման սառը, անմարդկային պայմաններով տնակը: Փոքրիկները մեկ տարի է, ինչ ապրում են 65-ամյա տատիկի և 77-ամյա պապիկի խնամքի տակ, որոնք իրենց թոշակով հազիվ կարողանում են Մալաթիա վարչական շրջանի Հովնաթանի 27 հասցեում գտնվող կիսաքանդ տնակի վարձը վճարել, հակառակ դեպքում՝ երեխաների հետ կհայտնվեն փողոցում:

Նրանց միակ որդին՝ Արամ Գևորգյանը, տարիներ առաջ մեկնել էր ՌԴ` արտագնա աշխատանքի, որտեղից Հայաստան է վերադարձել ՌԴ քաղաքացի Իլիանա Բատինայի հետ:

Տիկին Անահիտն ասում է, որ տղան հավանաբար կնոջը չէր տեղեկացրել իրենց սոցիալական ծանր պայմանների մասին: «Երբ արդեն ամուսնացած եկան՝ Իլիանան անակնկալի եկավ, երևի չէր պատկերացնում, որ ապրում ենք էս հավաբնում, չունենք ոչ մի պայման: Տղաս էստեղ տաքսի էր քշում, վաստակում էր, բայց կինը միշտ դժգոհ էր, որովհետև, ինչպես տեսնում եք՝ մեր պայմաններն անմխիթար են»,- պատմում է տիկին Անահիտը, ով չափազանց կիրթ և նրբանկատ կին է: Այնուամենայնիվ, Արամն ու Իլիանան ծնողների հետ վերոնշյալ հասցեի վարձակալած տանը հինգ տարի ապրել են համատեղ կյանքով, որի ընթացքում ծնվել են Սոֆիան և Ասյան:

Asya (1)Մեկ տարի առաջ, սակայն, երեխաների մայրն անսպասելի հայտարարել է, որ երեխաներին հանձնում է մանկատուն, այնուհետև մեկնում է իր հայրենիք:

«Ճիշտն ասած՝ քարացանք ես ու ամուսինս: Կարծեցինք՝ կատակ է անում կամ ուղղակի ասում է՝ ասելու համար: Տղաս էլ լռեց, ու ես ու ամուսինս իրավիճակը չկարողացանք մարսել: Ես իրենց փորձելու համար ասացի՝ տարեք, վստահ լինելով, որ չեն գնա այդ քայլին: Հասկանալու համար, թե ինչ կկատարվի իրենց հետ, նստեցի մեքենան ու ուղևորվեցինք Քանաքեռի մանկատուն:

Ամբողջ ճանապարհին վստահ էի, որ ճանապարհի կեսից հետ են վերադառնալու: Հասանք մանկատուն, տեսնեմ` մայրը երեխաներին մեքենայից իջեցնում է, որ հանձնի մանկատուն: Ձեռքին խփելով, ոռնալով, լաց լինելով` երեխաներին ձեռքից խլել ու թե ինչպես եմ տուն հասել ես՝ էլ չեմ հիշում»,- հեկեկալով պատմում է տարեց կինը ու այդ ընթացքում ենթագիտակցորեն երեխաներին այնպես է գրկում, այնքան ամուր է սեղմում կրծքին, որ փոքրիկ Սոֆիան շնչահեղձ լինելով` շշմած նայում է տատին: Հաջորդ առավոտյան երեխաների մայրը հավաքել է ճամպրուկները և հայտարարելով, որ այլևս չի կարող ապրել այդ պայմաններում, երեխաներին հրաժեշտ տալով` հեռացել է:

Հետագայում պարզվել է, որ նա նախապես արդեն ծրագրել էր իր մեկնումը՝ տան անդամներից, մինչև անգամ ամուսնուց գաղտնի` պայմանավորվելով ավտոբուսով մեկնում կազմակերպող մի ծառայության հետ:

«Տղաս տուն մտավ ու… Տաքսիով գազազած գնաց երևից, համարյա սահման է հասել, բայց մեքենան վթարի էր ենթարկվել, ջարդ ու խուրդ եղած հետ եկավ: Չէր կարողանում համակերպվել: Որոշ ժամանակ անց գնաց Ռուսաստան կնոջ երևից ու…»: Ու մինչև այսօր երեխաներին լքած երիտասարդ ամուսիններից տեղեկություն չկա: Որդու հասցեին հնչեցրած իմ մեղադրանքները ցավ են պատճառում տիկին Անահիտին:

Luso (1)Ասում է՝ «Խնդրում եմ, իրենցից հարցեր մի տուր, շատ եմ խնդրում: Մի՛ ցավացրու»:
Տիկին Անահիտն ու ամուսինը՝ Վարդան պապը, ճանաչվել են` որպես երեխաների օրինական խնամակալներ: Երկու անգամ ինֆարկտ տարած 77-ամյա Վարդան պապը ստանում է 35.000 դրամ թոշակ, որն ամբողջությամբ տրամադրում է տան վարձին ու կոմունալ վճարումներին: Երկու փոքրիկներն ու տարեց ամուսիններն ապրում են տիկին Անահիտի 10.000 դրամ կենսաթոշակով: «Նպաստ էլ չենք ստանում: Ասում են՝ գրանցվի էդ տան վրա, որ ստանաս, բայց ախր մենք վարձով ենք ապրում, իսկ տանտերը նման քայլի չի գնա: Նա չի համաձայնվում գրանցել, արդյունքում՝ երեխաներս սովամահ են լինում»,- ասում է տիկին Անահիտը, ում թոռնիկներն այժմ գոյատևում են հարևանների մեծահոգության շնորհիվ:

Ասյան ու Սոֆիան ոտքից գլուխ հագնված են հարևանների տրամադրած հին հագուստներով: Փոքրիկ Սոֆիան ցրտից սրթսրթալով՝ նետվում է տատի գիրկը, ով ձեռքերով շփելով` ջերմացնում է երեխաների մարմինները: Տիկին Անահիտն ասում է՝ շուտով էլեկտրական սալիկով տունը փոքր-ինչ կտաքացնեն, բայց դեռ չեն պատկերացնում` ինչպես են մարելու կոմունալ ծախսերը:

Տիկին Անահիտի հարևանուհուց մեծ ջանքեր են պահանջվել նրան համոզելու համար` դիմել մեր օգնությանը: Ասում է՝ «Ախր մեղք են էս մեծահասակ մարդիկ, երեխեքն էլ` հետը: Շատ են սիրում երեխեքին, ինչ էլ լինի՝ չեն հանձնի պետությանը, բայց շատ խեղճ են, իրենց օգնել է պետք: Երեխեքն էլ շատ կապված են տատիկ-պապիկի հետ, գոնե որբություն չեն զգում, բայց որ տեսնեք` ոնց են ապրում… Հարևաններով փորձում ենք մի աման ճաշ, մի հին հագուստով օգնել, բայց սենց չեն կարա երկար ձգեն: Էս մարդիկ շատ գրագետ ու արժանապատիվ են, չէին համաձայնվում, որ դիմեինք ձեր թերթին, բայց հազիվ համոզել եմ, որ ուրիշ ելք չկա: Ամաչում են, իրանք շատ կիրթ շրջապատ են ունեցել, իրանց ծանոթները չգիտեն, թե հիմա որտեղ, ինչ վիճակում են:

Մենակ մի բան կասեմ՝ էս ծնողներից` նման զավակ… նման կյանքի հարվածգ»: Հարևանուհին բարկությունից դաժան խոսքեր է շպրտում, բայց տեսնելով տիկին Անահիտի ու Վարդան պապի արցունքները՝ խոսքերն անավարտ թողնելով` փորձում է հանգստացնել նրանց: Նաև ասում է՝ տարեց ամուսիններն ամեն օր երեխաների հետ բարեգործական ճաշարան են գնում` մի կտոր հացից օգտվելու համար: Տիկին Անահիտին հարցնում եմ՝ «Լավ, ինչպե՞ս եք պատկերացնում ձեր վաղվա օրը, ո՞նց եք խնամելու երեխաներին»:

«Չգիտեմ,- պատասխանում է,- ես էս լույսի կտոր երեխաներից չեմ հրաժարվի, ուզում եք` ինձ մորթեք:

Եթե տեսնեք իմ ամեն օր դուրս գալուց ոնց են ոտքերս ընկնում, թե՝ տատիկ, չթողես գնաս, տատիկ, մի գնա, Իլիանայի նման չանես… կարծում են՝ մոր պես` էլ չեմ գալու: Կհամարեմ, որ հայր ու մայր չունեն ու ես եմ իրենց մայրը, ամուսինս՝ իրենց հայրը: Պարզապես կենցաղը, չքավորությունն ինձ խեղդում է, թե չէ՝ երեխաներիս մայրություն անում եմ, շատ եմ սիրում իմ բալիկներին ու երբեք, լսո՞ւմ եք, երբեք նրանց մենակ չեմ թողնի: Ամաչում եմ, հավատա, ինձ շատերն են ճանաչում, բայց չգիտեն՝ ինչ վիճակում ու ինչ օրի ենք հասել»:

Տիկին Անահիտի հարևանուհիներն այս տարեց ամուսինների մասին սիրով ու հարգանքով են խոսում, ասում են՝ ժամանակին շատ լավ ապրած մարդիկ են, ովքեր շատերին են ձեռք մեկնել:

«Երբ ասում ենք՝ դիմենք պաշտոնավորներին, գուցե ձեռք մեկնեն` երեխաներին մեծացնեք՝ հրաժարվում են, շատ են ամաչում, ախր իրենց շրջապատը գրագետ, ինտելիգենտ մարդիկ են եղել: Ո՞վ կպատկերացներ, որ սենց դաժան ծերություն կունենան: Մենք ամեն օր տեսնում ենք էս մարդկանց տառապանքը, բայց մենք էլ հասարակ ապրող մարդիկ ենք, չենք կարողանում օգնել, խնդրում ենք՝ օգնեք էս ծեր ու բարի մարդկանց, համարեք, որ երեխաները ծնողազուրկ են»,- ասում են նրանք:
Հրաժեշտ տալով Ասյային հարցնում եմ. «Ի՞նչ ես սիրում»: Պատասխանում է՝ «Ամենաշատը տատիկիս եմ սիրում, բայց մեկ էլ սիրում եմ պալչկաներ (ձողիկներ) ու Իլիանային»:

Տեսանյութեր

Լրահոս