Բաժիններ՝

Շարժայի կառավարիչ շեյխ Ալ Քասիմիի ներկայացուցիչն այցելել է Մայր Աթոռ Ս. Էջմիածին

Հոկտեմբերի 20-ին Մայր Աթոռ Ս. Էջմիածնի «Վաչե եւ Թամար Մանուկյան» Մատենադարանում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Շարժայի կառավարիչ Շեյխ Սուլթան բին Մոհամմադ Ալ Քասիմիի ներկայացուցիչ Համիդ Դիյա Ջաֆարի գլխավորած պատվիրակությանը, որ Հայաստան էր ժամանել Հաղարծնի վանական համալիրի բացման առիթով, հայտնում են Մայր Աթոռ Ս. Էջմիածի տեղեկատվական համակարգից:

Տեղի է ունեցել պարգեւաբաշխություն, որի ընթացքում Ամենայն Հայոց Հայրապետը Ս. Էջմիածնի պատկերով հուշամեդալներ է  հանձնել տիար Համիդ Դիյա Ջաֆարին, ինչպես նաեւ ` Հաղարծնի վանական համալիրի վերանորոգման աշխատանքներին իրենց գործուն մասնակցությունը բերած պրն. Վարուժ Ներգիզյանին եւ պրն. Հրայր Սողոմոնյանին:

Իր հերթին տիար Համիդ Ջաֆարն ուրախություն է արտահայտել Շարժայի Շեյխի ազնիվ բարերարությամբ նորոգված Հաղարծնի վերաբացման առիթով եւ իր շնորհակալությունը հայտնել Նորին Սրբությանը ցուցաբերած ջերմ ընդունելության համար:

Ապա Մայր Աթոռի վարչատնտեսական բաժնի տնօրեն Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանի կողմից ընթերցվել է Հայրապետական Սրբատառ կոնդակը, որով վանական համալիրի վերանորոգության գործում ներդրած ջանքերի համար տիար Վարուժ Ներգիզյանին շնորհվել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու «Սուրբ Ներսես Շնորհալի» պատվո բարձր շքանշան:

Գարեգին Բ Վեհափառ Հայրապետի ձեռամբ շքանշանի հանձնումից հետո շնորհակալական խոսքով հանդես եկավ տիար Վարուժ Ներգիզյանը: Վերջինս անդրադարձավ Մայր Աթոռ Ս. Էջմիածնի դերակատարությանը հայ ժողովրդի կյանքում, ապա իր ուրախությունը հայտնեց տարիների համատեղ ջանքերի արդյունքում վերանորոգված Հաղարծնի վանական համալիրի վերաբացման առիթով` ընդգծելով, որ այդ պատմական իրադարձությունը հնարավոր դարձավ Ամենայն Հայոց Հայրապետի եւ Շարժայի Շեյխի ունեցած անուրանալի ներդրման շնորհիվ:

Շնորհաբաշխության արարողությունն ավարտվել է Վեհափառ Հայրապետի օրհնության եւ գոհունակության խոսքով: Նորին Սրբությունը վերստին իր գնահատանքը հղեց Շարժայի կառավարիչ Շեյխ Սուլթան բին Մոհամմադ Ալ Քասիմիին` հաջողություններ մաղթելով մարդկային կյանքի առաջընթացին ուղղված նրա աստվածահաճո բոլոր ձեռնարկներին: Անդրադառնալով Հաղարծին վանքի նորոգությանը Իսլամ հավատքի հետևորդի կողմից` Նորին Սրբությունը մասնավորապես ասաց. «Սա մարդկությանը և աշխարհին մատուցվող գեղեցիկ օրինակ է, որ կրոնները համերաշխ ապրում են: Որով մարդկությունը կարող է աստավածահաճո կյանքով ապրել երկրավոր այս ժամանակավոր կյանքի մեջ: Իսկ խորհուրդը, որ Իսլամ hավատքի ներկայացուցիչն է հովանավորը Հաղարծնի վանական համալիրի, պիտի շաղախի յուրաքանչյուր հավատացյալի հոգին եւ բարձրացնի այն գիտակցությունը, որ մենք մեկ եւ  նույն Աստծու զավակներն ենք` կոչված փառաբանելու Նրան այս երկրի վրա»:

Վեհափառ Հայրապետը նաև իր գնահատանքն է հայտնեց Համիդ Ջաֆարին եւ նրա տիկնոջը` Շարժայի Շեյխի ազնիվ զգացումները փոխանցելու եւ մեր ժողովրդի ուրախությունը կիսելու համար:

 

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս