Պաշտոնական հյուրընկալություն Լիոնի քաղաքապետարանում
Հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության երկրորդ համաժողովի մասնակիցների համար Լիոնի քաղաքապետարանում կազմակերպվել է պաշտոնական հյուրընկալություն:
Հյուրընկալության շրջանակում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդես է եկել ողջույնի խոսքով, որում նախ շնորհակալություն է հայտնել քաղաքապետ Ժերար Կոլոմբին` համաժողովի մասնակիցներին հյուրընկալելու համար, այն գնահատելով որպես Երևանի և Լիոնի միջև առկա սերտ համագործակցության ևս մեկ խոսուն ապացույց.
«Լիոնի հետ գործընկերային մեր հարաբերությունները շուրջ 20 տարվա պատմություն ունեն, ինչը մեր կապերի ամրության լավագույն ապացույցն է: Մենք կարևորում ենք ֆրանսիական քաղաքների և ռեգիոնների հետ բոլոր ուղղություններով համագործակցության զարգացումը, և սա, վստահ եմ, Հայաստանից ժամանած իմ բոլոր գործընկերների կարծիքն է: Առաջիկա համաժողովը ևս մեկ լավ հնարավորություն է՝ գործընկերներով հանդիպելու, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր քննարկելու և, իհարկե, նաև ամփոփելու և գնահատելու արդեն կատարած աշխատանքներն ու ծրագրելու նորերը։ Ապակենտրոնացված համագործակցության համատեքստում ես կարևորում և բարձր եմ գնահատում, նաև, ինչու չէ, ընդօրինակելի եմ համարում Երևանի ու Լիոնի միջև տարիների ընթացքում ձևավորված բարեկամական և գործընկերային կապերն ու հարաբերությունները»,- նշել է Տարոն Մարգարյանը:
Ներկայացնելով անցած 20 տարիների ընթացքում քաղաքային տնտեսության բազմաթիվ բնագավառներում իրականացված համատեղ ծրագրերը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը նաև հավելել է, որ Երևանի և Լիոնի միջև համագործակցությունը ներկայումս իրականացվում է եռամյա համագործակցության ծրագրի շրջանակում, որով հստակ նախանշված են գործակցության ոլորտները, պատասխանատուներն ու իրականացման ժամանակացույցը։
«Հայ-ֆրանսիական բարձր մակարդակի վրա գտնվող հարաբերությունների համատեքստում մեր քաղաքների և ռեգիոնների միջև ապակենտրոնացված համագործակցությունն իրապես առանձնակի կարևորություն է ստանում: Եվ ես համոզված եմ, որ մեր համատեղ կամքի և նպատակաուղղված գործողությունների շնորհիվ մեզ կհաջողվի գտնել ու ձևավորել փոխգործակցության նոր ուղիներ և մոդելներ», – ընդգծել է Տարոն Մարգարյանն ու մեկ անգամ ևս շնորհակալություն հայտնել Լիոնի քաղաքապետ Ժերար Կոլոմբին` հյուրընկալության համար։
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն