Պուտինին առաջադրել են Խաղաղության Նոբելյան մրցանակի
Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Հոգևոր միասնության ու համագործակցության միջազգային ակադեմիան առաջադրել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի թեկնածությունը՝ նրան Խաղաղության Նոբելյան մրցանակ շնորհելու համար:
Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ակադեմիայի նախագահ Գեորգի Տրապեզնիկովը: Նա հայտարարել է, որ Նոբելյան հանձնաժողովին նամակը ուղարկվել է սեպտեմբերի 16-ին և ստացվել է սեպտեմբերի 20-ին. «Մենք շատ լավ գիտենք, թե մեր նախագահն ինչպիսի խաղաղասիրական դեր է ունեցել ծանր շրջաններում, հատկապես Բեսլանում, Հարավային Օսիայում»:
Նոբելյան մրցանակին ուղղված դիմումի տակ իր ստորագրությունն է դրել նաև Պետդումայի պատգամավոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Իոսիֆ Կոբզոնը, ով ընդգծել է, որ Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկրի կոչումը կրում է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, ով պատրաստվում էր ներխուժել Սիրիա. «Մեր նախագահը, որը փորձում է կանգնեցնել արյունահեղությունը, օգնել հակամարտությունների ժամանակ, ավելի շատ է արժանի այդ կոչման»:
Ռուսաստանի նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեկսովը հայտարարել է, որ իր գործունեության ժամանակ Պուտինը երբեք չի ձգտել ստանալ պարգևներ, մրցանակներ և այլն: