Հայ տղամարդը մեղադրվում է կնոջը սպանելու, իր երկու երեխաներին դանակահարելու մեջ
Կոտայքի մարզի Ակունք գյուղի բնակիչ, 37-ամյա Աշոտ Գևորգյանը մեղադրվում է իր կնոջը սպանելու, երկու անչափահաս աղջիկներին դանակահարելու մեջ և այս օրերին դատավարությունը տեղի է ունենում Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում:
«Փաստինֆո»-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ 2013 թվականի հունիսի 9-ին ողբերգություն էր տեղի ունեցել Ակունք գյուղում. իրենց իսկ տանը` երեկոյան ժամը 21:30-ի սահմաններում, ըստ ոստիկանության, Աշոտ Գևորգյանը դանակահարել և սպանել է կնոջը` 1982 թ. ծնված Անուշ Գասպարյանին, դանակով մարմնական վնասվածքներ հասցրել դստրերին` 2001 թ. ծնված Շողակաթ և 2007 թ. ծնված Մարիամ Գասպարյաններին, որից հետո՝ դանակով հարվածել է իրեն` ստանալով որովայնի առաջնային պատի կտրած-ծակած վերք:
Դատաբժշկական եզրակացությունների համաձայն, Ա.Գևորգյանը դանակով հարվածներ է հասցրել կնոջ կրծքավանդակին և որովայնի առաջնային պատին: Երեք մարմնական վնասվածք պատճառվել է 12-ամյա Շողակաթին` աջ թուլակողի, ձախ թուլակողի և աջից որովայնի շրջանին, իսկ 6-ամյա Մարիամին վնասվածք էր պատճառվել որովայնի առաջնային պատին և աջ զստոսկրի թևի շրջանին, որոնք ռեալ վտանգ են պարունակել կյանքի համար: Բարեբախտաբար երեխաների կյանքը հաջողվել է փրկել:
Ա.Գեւորգյանին մեղադրանք է առաջադրվել դիտավորյալ սպանության եւ կյանքի համար վտանգավոր մարմնական վնասվածքներ պատճառելու համար, իսկ գործը գտնվում է դատավոր Յուրի Բաղդասարյանի վարույթում:
Նշենք, որ գործին որպես իրեղեն ապացույց կցվել է 6 հատ դանակ` առգրավված դեպքի վայրից: