Վահրամ Շահինյան. Վաղուց պետք է նման բան լիներ, ցավոք սրտի, մի քիչ ուշ իրականացվեց

Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ կարգադրություն է ստորագրել՝ միասնական քննչական մարմնի կազմավորման իրավական ապահովման հանձնաժողով ստեղծելու մասին։ Այն ստեղծվել է քննչական մարմինների անկախությունն ամրապնդելու, քրեական գործերով նախաքննության արդյունավետությունը բարձրացնելու և ՀՀ պաշտպանության նախարարության, կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության, ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի կառուցվածքում գործող քննչական մարմինների հենքի վրա միասնական քննչական մարմին կազմավորելու նպատակով:

168.am-ի հետ զրույցում ՀՔԾ (Հատուկ քննչական ծառայություն) պետ Վահրամ Շահինյանը Սերժ Սարգսյանի վերոնշյալ որոշումը գնահատեց որպես հիանալի գաղափար և նշեց.

«Վաղուց պետք է նման բան լիներ, ցավոք սրտի, մի քիչ ուշ իրականացվեց, բայց կարևորը, որ գործը կատարվեց»:

Անդրադառնալով այն հանգամանքին որ ՀՔԾ-ն ընդգրկված չէ այն մարմինների ցանկում, որոնց կառուցվածքում գործող քննչական մարմինների հենքի վրա պետք է կազմավորվի քննչական միասնական մարմինը, Վ. Շահինյանը նշեց, թե ՀՔԾ-ն ստեղծված է հատուկ նպատակներով:

Մեր հարցին, թե ՀՔԾ-ն այդ մարմնի մաս կազմելով կզրկվի՞ ինքնուրույնությունից, նա  պատասխանեց. «Այո՛, ՀՔԾ-ն պետք է որևէ գերատեսչական կախվածություն չունենա, որպեսզի օբյեկտիվ, լրիվ, բազմակողմանի քննություն կատարի: Դրա համար պետք է առանձին լինի: Միջազգային կառույցների պահանջով է ստեղծվել այս ծառայությունը, և գտնում եմ, որ ճիշտ է առանձին գործունեությունը»:

Ինչպես հայտնի է, լուրեր էին շրջանառվում այն մասին, որ ՀՔԾ պետ Վահրամ Շահինյանը ՀՀ գլխավոր դատախազի հիմնական թեկնածուներից է: Մենք հետաքրքվեցինք նաև, թե ինչո՞ւ Սերժ Սարգսյանն իրեն չառաջադրեց այդ պաշտոնում: Ի պատասխան Վահրամ Շահինյանն ասաց, թե ինքը տեղյակ է նման լուրերից, ապա նշեց. «Մեր ծառայությունը հատուկ պաշտոնական հաղորդագրություն է տարածել, որը կարծում եմ, պետք է հիմք ընդունել»:

Տեսանյութեր

Լրահոս