Բաժիններ՝

Մինչ օրս 23 երթուղիների սպասարկման համար հայտարարված մրցույթում մասնակցության հայտեր չեն ստացվել

Աշխատանքային հերթական խորհրդակցությանը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, անդրադառնալով 2012 թվականի կապիտալ շինարարության ծրագրով կատարված ասֆալտապատման աշխատանքներում տեղ գտած թերությունների վերացման  ուղղությամբ ձեռնարկված քայլերին, հանձնարարել է ակտիվացնել աշխատանքները՝ դրանք սահմանված ժամկետում ավարտելու համար:

Զեկուցվել է, որ, համաձայն սահմանված ժամանակացուցի, մայրաքաղաքում շարունակվում են փողոցների և բակային տարածքների ասֆալտբետոնե ծածկի 2013 թվականի տարեկան ծրագրով իրականացվող հիմնանորոգման և ընթացիկ նորոգման աշխատանքները: Քաղաքապետը հանձնարարել է շարունակել որակի ապահովման ուղղությամբ հսկողությունը և գործընթացը պահել մշտադիտարկման ներքո: Հանձնարարվել է ակտիվացնել գլխավոր և երկրորդական փողոցներում ընթացող փոսալցման և ճաքալցման աշխատանքները:

Քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետը զեկուցել է, որ շինհրապարակների կազմակերպման և շինարարության իրականացման ընթացքում էկոլոգիական պահանջների պահպանման նպատակով մշակվել են նոր մոտեցումներ: Քաղաքապետը հանձնարարել է նաև հատուկ ուշադրություն դարձնել շինհրապարակների կազմակերպման բաժանարար հարակից տարածքների սահմանված կարգով պաստառապատմանը:

«Երևան Ջուր» ընկերության ներկայացուցիչը զեկուցել է, որ մայրաքաղաքում շարունակվում են անձրևատար համակարգերի մաքրման աշխատանքները: Շուրջ 1100 կետերում դրանք արդեն ավարտված են: Տարոն Մարգարյանը հանձնարարել է գործընթացը պահել մշտական հսկողության ներքո և պարբերաբար զեկուցել ընթացքի վերաբերյալ:

Երևան քաղաքում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումներն իրականացնող կազմակերպությունների ընտրության մրցույթների հետ կապված՝ զեկուցվել է, որ զանգվածային լրատվության և հնարավոր այլ միջոցներով շարունակաբար իրազեկվում է մրցույթի և անցկացման պայմանների մասին, սակայն  մինչ օրս 23 երթուղիների սպասարկման համար հայտարարված մրցույթում մասնակցության հայտեր չեն ստացվել:

Էլեկտրոնային չվացուցակների համակարգի գործարկման աշխատանքների մասով «Երևանի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն» ՓԲԸ-ի տնօրենը զեկուցել է, որ տեղադրված 21 սարքավորումներից 19-ը գործարկված են: Առաջիկայում սպասվում է սարքավորումների հաջորդ խմբաքանակի ներկրումը:

Քաղաքապետը հանձնարարել է նախապես իրականացված ծանուցումներից հետո համապատասխան քայլեր ձեռնարկել փոքր կենտրոնում առկա գովազդային մեծ վահանակների ապամոնտաժման ուղղությամբ:

«Կազմված ժամանակացույցով պետք է սկսենք փոքր կենտրոնի գովազդային մեծ վահանակների ապամոնտաժման աշխատանքները: Դրանցում պետք է ներգրավել պատկան բոլոր մարմիններին: Ապամոնտաժումներից հետո կարճ ժամկետում պետք է կազմակերպել նաև տարածքի բարեկարգումն ու պատշաճ տեսքի ապահովումը»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Վարչական շրջաններում տեղադրվող առաջարկությունների արկղերի հետ կապված՝ քաղաքապետը հանձնարարել է քաղաքացիների կողմից մայրաքաղաքի զարգացմանն ուղղված առաջարկները քննարկել ու ներկայացնել դրանց կյանքի կոչման համապարփակ նախաձեռնություններ: Տարոն Մարգարյանը նաև ընդգծել է, որ դրանցից լավագույնները կարող են ընդգրկվել նաև 2014 թվականի տարեկան ծրագրում:

Անդրադառանլով Երևանի քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումներում, քաղաքապետարանի ենթակայության ծառայություններում և վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերում գործող «թեժ գծերի» հեռախոսահամարներով ստացվող հեռախոսազանգերի արձագանքման ընթացքին՝ վերահսկողության վարչության պետը զեկուցել է, որ քաղաքապետարանի ենթակայության համապատասխան կառույցներում և վարչական շրջաններում համապատասխանաբար ստացվել են 203 և 102 հեռախոսազանգ: Քաղաքացիների կողմից բարձրացված հարցերի  մեծ մասն արդեն իսկ ստացել է դրական լուծում, 82 հարց ընթացքի մեջ է:

Սեպտեմբերի 21-ին՝ Անկախության տոնին ընդառաջ, մայրաքաղաքում նախապատրաստական վերջին աշխատանքներն են տարվում: Զեկուցվել է, որ տոնական միջոցառումներ են նախատեսված վարչական շրջանների տարբեր հարթակներում, նաև՝ կրթական ու մշակութային օջախներում: Երևանը կապահովվի նաև համապատասխան արտաքին ձևավորմամբ:

Նոր սիզամարգերի ստեղծման և ծաղկապատման աշխատանքներին անդրադառանալով՝ բնապահպանության վարչության պետը զեկուցել է, որ ծրագրով նախատեսված աշխատանքների հիմնական մասն ավարտված է: Նշվել է, որ շարունակվում են ծաղիկների, անհրաժեշտության դեպքում, համալրման, ինչպես նաև ծաղկային կոմպոզիցիաների տեղադրման աշխատանքները: Զեկուցվել է նաև, որ այս տարի ծաղկային տարածքներն ավելացել են մեկուկես, իսկ սիզամարգերի ծավալները՝  13 հեկտարով: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է նախապատրաստական աշխատանքներ տանել աշնանային ծառատունկի կազմակերպման ուղղությամբ:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս