«Մազութի գործը» փակվել է դեռևս 2000 թվին. Սադոյանը ստում է

Արշակ Սադոյանի և Հրանտ Բագրատյանի միջև օրերս կրկին հեռակա բանավեճ է սկսվել: Օրեր առաջ Ա. Սադոյանը լրատվամիջոցներին ասել էր, թե Հրանտ Բագրատյանը «բացահայտ սուտ է սովորել»` անդրադառնալով Հ. Բագրատյանի այն հայտարարությանը, թե ինքը մազութի գործի հետ որևէ առնչություն չունի և իր ձեռքի տակ ունի այն փաստաթուղթը, ըստ որի` Արշակ Սադոյանը ժամանակին Հ. Բագրատյանի մասին արված իր այդ հայտարարությունները փոխաբերական իմաստով է ասել:

«Դեռ այն ժամանակվանից նա սովորել է կեղծել: Երբ 90-ականներին լույսը տալիս էին, սաղ երեխաները գոռում էին՝ լույս տվին: Ապրում էինք խավարի, ցրտի մեջ, սարսափելի պայմաններում, բայց պարզվում է, որ Հայաստանը այնքան էլեկտրաներգիա էր արտադրում, որքան հիմա: Մազութը լափեցին, 255 հազար տոննա ուղղակի Հայաստան չմտավ, փողը մտավ Ռուսաստան, այնտեղ կիսվեցին»,- լրատվամիջոցների հետ զրույցում ասել էր Արշակ Սադոյանը:

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը 168.am-ին փոխանցեց այն փաստաթուղթը, որի մասին խոսել էր: Ըստ այդմ՝ 2000թ. օգոստոսի 7-ին ՀՀ Գլխավոր դատախազության Պետական շահերի պաշտպանության վարչության դատախազ Ա. Կռոյանի ստորագրությամբ որոշման մեջ նշված է.

voroshum1

 

«ՈՐՈՇՈՒՄ. քրեական գործի հարուցումը մերժելու մասին: ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության դատախազ, արդարադատության երրորդ դասի խորհրդական Ա. Կռոյանս, քննարկելով Հ.Բագրատյանի հաղորդման կապակցությամբ նախապատրաստված նյութերը,

պարզեցի. ՀՀ գլխավոր դատախազին է դիմել Հ. Բագրատյանը՝ հայտնելով, որ 2000թ. հունիսի 15-ին «Արմենիա» հեռուստաընկերության «Հայացք» հաղորդման ժամանակ ՀՀ Աժ պատգամավոր Ա.Սադոյանը հայտարարել է, որ Հ.Բագրատյանը բաժին է ունեցել այն նավթից, որը ներկրվել է Բաթումի՝ տեղի գործարանում վերամշակելու ու Հայաստան առաքելու նպատակով, որով իսկ զրպարտել է իրեն։

Հաղորդման կապակցությամբ բացատրության է վերցվել ՀՀ Աժ պատգամավոր Ա.Սադոյանից, որը հայտնել է, որ հիշատակված հաղորդման ժամանակ հրապարակվել են ՀՀ ԱԺ հանձնաժողովի կողմից հայտնաբերված փաստերն այն մասին, որ հում նավթի գնման և վերամշակման վերաբերյալ պայմանագիրը սխալ գործարք է և Հայաստանին խոշոր չափի վնաս է պատճառել: Ա.Սադոյանը հայտնել է նաև, որ Հ.Բագրատյանի նկատմամբ անձնական խնդիրներ չունի և վերջինիս զրպարտելու միտում չի ունեցել և այդ նպատակով չէ, որ հայտարարություն է արել։

Ինչ վերաբերում է վերը նշված հեռուստատեսային հաղորդման ընթացքում Ա.Սադոյանի կողմից կատարված հայտարարությանը, թե Հ.Բագրատյանը հում նավթի վերամշակման գործարքի ուսումնասիրությամբ սեփական փայաբաժինն է ավելացրել, ապա Ա.Սադոյանի բացատրության համաձայն՝ այդ արտահայտությունը փոխաբերական իմաստով է կատարվել։

Այսպիսով, Ա.Սադոյանի արարքում բացակայում են ՀՀ քրեական օրենսգրքի 131 հոդվածով նախատեսված արարքի՝ զրպարտության հատկանիշները, այսինքն՝ վերջինս չի ունեցել ուրիշին նշավակող ակնհայտ սուտ հերյուրանքներ տարածելու դիտավորություն։

Նկատի ունենալով, որ Ա.Սադոյանի գործողություններում հանցակազմը բացակայում է և ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35 հոդվածի աոաջին մասի 2-րդ կետով,

որոշեցի

1. Նյութերով քրեական գործի հարուցումը մերժել՝ հանցակազմի բացակայության պատճառով։

2. Որոշման պատճենը ուղարկել  Հ.Բագրատյանին։

ՀՀ Գլխավոր դատախազության Պետական շահերի պաշտպանության վարչության դատախազ  Ա. Կռոյան»:

        

 

Տեսանյութեր

Լրահոս