Այսօրվա մեր անկախությունը աղճատված է, ճիճուն կերած, ցեցն ընկած

«Երբ անկախության հանրաքվե կազմակերպվեց, չկար հեռուստատեսություն, հանդիպումներ անցկացնելու հնարավորություններ, էներգիա չկար… Բայց ծանր վիճակում ժողովուրդը եկավ «այո» քվեարկեց»,- լրագրողների հետ զրույցում Անկախության 21-ամյակին ընդառաջ վերհիշեց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը, ով ընթերցել էր Հայաստանի երրորդ հանրապետության անկախության հռչակագիրը:

Անկախությանը կողմ քվեարկելու համար, նրա խոսքով, ոչ ոք չքարոզեց, չխնդրեց, վարչական լծակ չօգտագործվեց: Ըստ նրա՝ դա ժողովրդի պոռթկումն էր: «Թեպետ տասը հազար մարդ դեմ քվեարկեց, որովհետև կոմունիստները դեմ էին քարոզում անկախությանը, բայց 99 տոկոսը կողմ էր: Մեր ժողովուրդը, կարծում եմ, ոչ ունեցել է, ոչ էլ կունենա նման միասնական դրսևորում, երբ յուրաքանչյուր քաղաքացի իրեն զգում էր երկրի տերը. սա հրաշք, աստվածային մի բան էր»,- նշեց նա՝ ավելացնելով, որ քվեաթերթիկներն անսահմանափակ էին, համարակալված չէին, բայց ոչ մեկի մտքով կեղծելու, լցոնելու գաղափար չէր անցնում:

Արամ Մանուկյանը խոստովանեց, որ հռչակագիրը ընթերցելուց շփոթմունք է զգացել, նաև պատասխանատվություն, որովհետև արդեն պատերազմի ժամանակ զոհված ընկերներ ուներ. «Մենք ունեինք շատ զոհեր ու բոլորը անկախական շարժման մասնակիցներն էին ու ես զգացել եմ, որ նրանք, ովքեր երազում էին, բայց չտեսան՝ իրենց փոխարեն եմ կարդում: Գերագույն խորհրդում էլ կադալուց առաջ ես ասացի, որ սա նաև այն մարդկանց փոխարեն է, երբ պատմությունը կրկնվում է, Հայաստանը ջարդերում է…  Շփոթվածությունն ավելի շատ էր, պատմական բեռը շատ էր, քան հպարտությունը»:

Համեմատելով Առաջին հանրապետության տարիների հետ՝ Արամ Մանուկյանն ասաց, որ Հայաստանը հաղթահարել է խոչընդոտը` չնմանվելու առաջին հանրապետությանը. «Վախենում էի այս միտքը բարձրաձայն ասել: Երբ անցավ երկուսուկես տարին` շունչ քաշեցի: Երբ անցանք այդ փուլը, հասկացա, որ հաղթահարեցինք: Հիմա վստահ կարող եմ ասել, որ մեր անկախությունն անշրջելի է: Այսօրվա մեր անկախությունը աղճատված է, ճիճուն կերած, ցեցն ընկած, բայց սա չի նշանակում, թե կորցված է, հակառակը՝ այն անշրջելի է: Ով էլ լինի` հակաանկախական երիտասարդության եռանդն ու մեր լավատեսությունը պահելու են անկախությունը»:

Ակախության տարիների ընթացքում, նրա խոսքով, եղել են նաև մարտահրավերներ, անշրջելի կորուստներ. «Մեր անկախությունը թուլանում էր այն ժամանակ, երբ բոլոր գազատարները, բոլոր էներգակիրները մեզ շրջանցեցին՝ կորցնելով ազդեցությունը, երբ էներգոհամակագրրշը տվեցինք այլ երկրի: Ռոբերտ Քոչարյանի մեծագույն սխալներից էր, որ առանց աչքը թարթելու` ռազմավարական հիմնարկները տվեց ուրիշին: Թուլացրինք, երբ Ռուբերտ Քոչարյանի ձեռքերով մշակույթի աժեքները գռուզավիկներով տարան Թուրքիա, Եվրոպա, ձրի տվեց, ուզեցին՝ տարավ տվեց, Մոցարտի ձեռագրերը, Բեթհովենի ձեռագրերը, ձեռագիր ավետարաններ 11-րդ դարի: Տիգրան Սարգսյանն էլ վաճառեց բանկի ամբողջ վալյուտայի ոսկին: Ով ինչ ուզել ա` տվել են սրանք»:

Տեսանյութեր

Լրահոս