Գալուստ Սահակյանն իր մասին` «Բլատնոյ» լինել` նշանակում է լինել յուրահատուկ
ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը համաձայն է իր կուսակից ընկերոջ, փեսա Աշոտ Աղաբաբյանի գնահատականին, թե ինքը «բլատնոյ» է: Հիշեցնենք, որ news.am-ի հետ զրույցում ՀՀԿ-ական պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը Գալուստ Սահակյանին բնորոշել էր` «բլատնոյ»:
168.am-ի հետ զրույցում Գալուստ Սահակյանը պարզաբանեց, թե Աղաբաբյանն իրեն «բլատնոյ» համարելով` նկատի է ունեցել, որ ինքը աշխույժ է եղել երիտասարդ տարիքում, ակտիվությամբ աչքի է ընկել Երևան քաղաքում:
«Բլատնոյ ի՞նչ է` Երևանում քաղաքում, թաղամասում ճանաչելի, աշխույժ մարդ, ինչի՞ եք մտածում, որ բացասական բառ է: Ես փորձությունների ճանապարհով եմ անցել, իմ միջավայրը միշտ էլ գնահատելի է եղել իմ նկատմամբ, և երիտասարդ տարիներին լինելով ակտիվ, ճանաչելի, այդ ժամանակ ռուսականից եկած բառն են ասել` «բլատնոյ» են ասել»:
ՀՀԿ փոխնախագահը նաև պարծեցավ, թե «բլատնոյ» լինել` նշանակում է լինել յուրահատուկ: «Դա նաև յուրահատկություն է, ոչ բոլորի նման լինել, ուրիշ լինել, այսօր էլ եմ այդպիսին: Մարդը իր յուրահատկություններն ունի` մարդիկ կան, ում յուրահատկությունն ընդգծված է, ինչպես իմը»,- նշեց նա` ավելացնելով, որ պատգամավորներից շատերը կարդացել են Աշոտ Աղաբաբյանի գնահատականն իր մասին ու իրենց «հաճելի» ու «անկեղծ» է թվացել: