Մեծ Բրիտանիան պլանավորում է մոտ ժամանակներս Սիրիա ուղարկել քիմիական զենքի գծով իր փորձագետներին
BBC-ի փոխանցմամբ՝ Մեծ Բրիտանիան պլանավորում է մոտ ժամանակներս Սիրիա ուղարկել քիմիական զենքի գծով իր փորձագետներին: Այս մասին այսօր հայտարարել է Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ուիլյամ Հեյգը.
«Մեր մասնագետները պատրաստվում են մեկնել Սիրիա՝ աջակցելու համար սիրիական քիմիական զենքի նկատմամբ վերահսկողություն հաստատելու ուղղությամբ միջազգային հանրության ջանքերին: Ինձ թվում է, թե տվյալ ոլորտի փորձագետներ ունեցող բոլոր երկրները պետք է պատրաստ լինեն այդ քայլին:
Նախքան բրիտանացի փորձագետներին Սիրիա ուղարկելը, մենք պետք է վստահ լինենք նրանց անվտանգության հարցում: Մենք զորքեր չենք ուղարկելու Սիրիա ո՛չ այդ, ո՛չ էլ այլ նպատակներով:
Նախ ես չեմ կարծում, թե դա փորձագետների անվտանգությունն ապահովելու լավագույն տարբերակն է, և երկրորդ՝ տվյալ որոշումը բացասական արձագանք կառաջացնի բուն Սիրիայի ներսում»: