Բաժիններ՝

Ալեքսան Պետրոսյան. Սա ավելի շատ բարոյական աջակցություն էր

Արմավիրի մարզում մայիսի 12-ի կարկտահարության հետևանքով տուժած համայնքներին օգնություն հատկացնելու նպատակով ստեղծված հիմնադրամի հաշվեհամարին հավաքագրվել է 240 մլն 500 դրամ: Հաշվեհամարն արդեն փակված է: Գումարը բաշխվել է 6 013 ընտանիքի՝ յուրաքանչյուրին 40 հազար դրամ:   Այս մասին ՀՀ ԱԺ գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի սեպտեմբերի 17-ին կազմակերպած «Արմավիրի մարզի կարկտահարության հետևանքների վերացման ուղղությամբ կատարված աշխատանքների ամփոփում» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ հայտնեց հիմնադրամի նախագահ, նույն մարզից ԱԺ պատգամավոր ընտրված Ալեքսան Պետրոսյանը՝ հավելելով, որ, իհարկե, գումարը քիչ է, բայց այն հատկացվել է հնարավորինս պահպանելով արդարության սկզբունքը:   Ըստ նրա, գումարի մոտ 90 տոկոսը փոխանցել են պետական կառույցները՝ ոստիկանությունը, հարկային տեսչությունը, Կենտրոնական բանկը, որոշ բանկեր,  ՀՀ նախագահը: Իրենց աշխատավարձերն են փոխանցել նաև ԱԺ նախագահը և պատգամավորների մի մասը, վարչապետը և կառավարության անդամները:    Մասնավոր ընկերություններն ավելի պասիվ են գտնվել, քան պետական կառույցները: Մասնավորապես, Երևանի կոնյակի գործարանը փոխանցել է 30 մլն դրամ, մինչդեռ «Հայաստանի գյուղմթերք վերամշակող գործարանների 90 տոկոսը ոչ մի լումա չփոխանցեցին այդ հաշվին»: Ա.Պետրոսյանը դժգոհեց, որ չնայած նրան, որ մեծ աշխատանք էր կատարվել. մոտ 1000 խոշոր հարկատուների նամակ էր գրվել, «անտարբերությունը մնաց անտարբերություն, որի արդյունքում եղավ 240 մլն, որից 80 մլն դրամը փոխանցվել է ՀՀ նախագահի աշխատակազմից»:    Հիմնադրամի նախագահն ընդգծեց, որ եթե անգամ 500 մլն կամ անգամ՝ 1 մլրդ դրամ հավաքներ, այլ ոչ թե 240 մլն, միևնույն է՝ քիչ կլիներ: «Բայց մենք այդքանը կարողացանք, այդքան արեցինք: Սա ավելի շատ բարոյական աջակցություն էր: Պետությունն էլ իր հնարավորության սահմաններում աջակցեց»,-ասաց Ա.Պետրոսյանը՝ շնորհակալություն հայտնելով գումար փոխանցած բոլոր կառույցներին և անհատներին, որոնց թվում եղել են անգամ հազար դրամ փոխանցողներ:

Փաստինֆո

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս