Բաժիններ՝

«Որպեսզի արթնացնենք մարդկանց, որոնք քիմիային արդեն նվաղկոտ հայացքով են նայում»

 Այսօր` սեպտեմբերի 17-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում մեկնարկեց «Քիմիա և քիմիական տեխնոլոգիաներ» III միջազգային գիտաժողովը` նվիրված ՀՀ ԳԱԱ 70-ամյակին: Գիտաժողովին մասնակցում են առաջատար քիմիկոսներ, տեխնոլոգներ և երիտասարդ մասնագետներ Հայաստանից, Ռուսաստանի Դաշնությունից, Ուկրաինայից, Վրաստանից, Բելառուսից և Ուզբեկստանից:

Ինչպես 168.am-ի հետ զրույցում նշեց ՀՀ ԳԱԱ  Մ.Մանվելյանի անվ. Ընդհանուր և անօրգանական քիմիայի ինստիտուտի տնօրեն Նիկոյալ Կնյազյանը`գիտաժողովի նպատակն է վերլուծել և քննարկել քիմիայի և քիմիական տեխնոլոգիաների բնագավառում տեսական և կիրառական հետազոտությունների արդի վիճակը և կատարված աշխատանքները, ինչպես նաև գիտատեխնիկական տեղեկատվության և փորձի փոխանակում իրականացնել ու կանխատեսել ոլորտի հեռանկարները:

Ն. Կնազյանի խոսքով` միայն մեկ պետությունում կատարվող աշխատանքներով չի կարելի կանխատեսել ոլորտի հեռանկարները, ուստի տարբեր երկրների փորձն ու ներկայացված գործերը կոորդինացնելով կարելի է ընդահանուր հայտարարի գալ:

«Ուրախալին այն է, որ դրսի մասնակիցների գրեթե կեսը երիտասարդներ են` ասպիրանտներ, գիտությունների թեկնածուներ, որոնց համար քիմիայի հետ կապված բոլոր խնդիրները ասես  իրենց կյանքն է: Ես կուզեի, որ Հայաստանում ևս այս երևույթը երևար, որ մեր երիտասարդության շրջանում նույնպես պայծառության գույներ հայտնվեին»,- ասաց Ն. Կնյազյանը` նշելով, որ իրենք այսպիսով նպատակ ունեն արթնացնել մարդկանց, որոնք քիմիային արդեն «նվաղկոտ հայացքով են նայում»:

Իսկ թե ինչպիսին է Հայաստանում քիմիայի նկատմամբ հայ երիտասարդների հետաքրքրությունը: Այս մասին մեր զրույցը ՀՀ ԳԱԱ  Մ.Մանվելյանի անվ. Ընդհանուր և անօրգանական քիմիայի ինստիտուտի տնօրեն, գիտությունների դոկտոր- պրոֆեսոր Նիկոլայ Կնազյանի հետ կներկայացնենք առաջիկայում:

Տեղեկացնենք, գիտաժողովը կազմակերպվել է ՀՀ ԳԱԱ  Մ.Մանվելյանի անվ. Ընդհանուր և անօրգանական քիմիայի ինստիտուտի, ՀՀ ԳԱԱ Քիմիական և երկրի մասին գիտությունների բաժանմունքի, ՀՀ ԿԳՆ Գիտության պետական կոմիտեի, ՌԴ ԳԱ  Ն.Ս. Կուռնակովի անվ. Ընդհանուր և անօրգանական քիմիայի ինստիտուտի, Դ.Ի. Մենդելեևի անվ. Ռուսական քիմիական ընկերության, ՌԴ ԳԱ Քիմիական տեխնոլոգիաներ գիտական խորհրդի, Հայաստանի Հանրապետությունում«ՌՈՒՍՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ» Դաշնային գործակալության ներկայացուցչության կողմից և աջակցությամբ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս