ՀԷԿ-ի պատճառով Վերին Գետաշենում գարու բերքը վնասվել էր
Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ վերջերս կրկին պայթել են Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշեն գյուղում գործող Արգիճի փոքր ՀԷԿ-ի խողովակները, ինչի հետևանքով ոչնչացել է գարու ողջ բերքը: Նույն աղբյուրների փոխանցմամբ՝ խողովակներն առաջին անգամ պայթել են հուլիսի 18-ին, և այն ժամանակ վնասվել էր կարտոֆիլի բերքի մեծ մասը: Ջուրը հեղեղել էր դաշտերը, ինչի արդյունքն էլ գյուղացիների կրած մեծ վնասներն են եղել:
Խողովակաշարերի պայթյունի և գյուղացիների կրած վնասների մասին լուրերը Վերին Գետաշեն համայնքի ղեկավար Ռուբիկ Ղուկասյանը 168.am-ի հետ հեռախոսազրույցում հերքեց՝ նշելով, որ խողովակները պայթել են միայն մեկ անգամ՝ հուլիսի 18-ին, ինչի հետևանքով իսկապես վնասներ կրել են գյուղացիներից շատերը, «սակայն ՀԷԿ-ի ղեկավարությունը մի բան էլ ավել փոխհատուցել է նրանց»:
Հարցին, թե այս ամիս ևս նման դեպք չի՞ գրանցվել գյուղում, Ռ. Ղուկասյանը պատասխանեց. «Ոչ, նման բան չի եղել, էդ մի անգամն էր… Խողովակները նոր էին փոխել, փորձարկում արեցին… Դրանից հետո չէր կարող նման բան լինել, քանի որ խողովակները նորոգում ու կառուցում են, խողովակների մեջ ջուր չի մտնում»,- հավելեց նա: