Բաժիններ՝

Երաժշտական կրթություն ստացողների թիվը նվազել է

Անցյալում են այն ժամանակները, երբ երաժշտական կրթություն ունենալը «նորաձև էր». այսօր երաժշտական կրթություն ստացողների թիվը խիստ նվազել է: Աբովյանի Զարեհ Սահակյանցի անվան երաժշտական դպրոցում այս տարի ընդունվել է մոտ 85 երեխա: Դպրոցի տնօրեն Մարինե Կիրակոսյանը վստահ է, որ երաժշտական կրթություն ստացած երեխաները տարբերվում են մյուսներից հարուստ ներաշխարհով, աշխարհընկալմամբ և գեղագիտական ճաշակով: Դպրոցում երեխան զերծ է մնում անճաշակ երաժշտություն լսելուց, որը երաժշտական դպրոցների մեծագույն նվաճումներից է համարում: Մարինե Կիրակոսյանը կարծում է, որ անգամ քիչ ընդունակություններով երեխաներին պետք է երաժշտական կրթություն ստանալ, թեև երբեմն դպրոց են այցելում երաժշտական հակում չունեցող երեխաներ, ովքեր կարճ ժամանակ անց թողնում են դպրոցը:

32 տարվա պատմություն ունեցող դպրոցի ամենամեծ բաժինը դաշնամուրայինն է, ֆլեյտայի, լարային գործիքների բաժինը, իսկ ժողգործիքների բաժինը մի քանի տարի է՝ անվճար է գործում, ինչի արդյունքում աշակերտների թվի ավելացում կա: Մ.Կիրակոսյանը կարծում է, որ դա նաև հեռուստատեսությամբ ազգային երաժշտության քարոզի արդյունքն է:
«Ոչ մի փառատոնի, մրցույթի մասնակցության մերժում չենք տալիս ու անպայման հաջողություններ ենք ունենում: Մեր դպրոցն իր գիտելիքների մատուցմամբ բարձր սանդղակում է: Դա լավ մանկավարժական կազմի արդյունքն է: Վերջերս Գյումրիում դպրոցը մասնակցեց «Վերածնունդ» փառատոնին և 2-րդ, 3-րդ մրցանակային տեղերը մեր դպրոցից էին: Գեղեցիկ, հանդիսավոր ձևով մրցանակները հանձնեցինք աշակերտներին: Այս տարի մի լուրջ մրցույթում մասնակցեցին մեր  ջութակի և թավջութակի բաժնի աշակերտները: «Ասլամազյան և Գաբրիելյան» մրցույթն էր, և շատ էինք անհանգստանում, որովհետև առաջին փորձն էր, խիստ ու լուրջ էին գնահատում, միայն տաղանդավոր երեխաներ էին մասնակցում: Հայտը ներկայացրինք, անհանգստանում էինք, մեր երեխաներն էլ կարծես հասարակ աշակերտներ էին թվում, բայց հուրախություն մեզ՝ երրորդ տեղը գրավեցինք: Այդ կարգի մրցույթներում ցուցանիշ ունենալը շատ պատասխանատու և գովելի է:

Այս տարի մասնակցեցինք  նաև «Երգող փառատոնին», և մեր մեծահասակների երգչախումբը, որը ղեկավարում է Բաբկեն Մխիթարյանը, առաջին մրցանակային տեղը գրավեց, իսկ փոքրերի երգչախումբը՝ երկրորդ»,- ասում է Մարինե Կիրակոսյանը:
Երաժշտական դպրոցում ակնհայտորեն երևում է արտագաղթի հետևանքը:  Դպրոցի տնօրենը նշում է, որ շատացել են ընտանիքներով մեկնողները, ովքեր, բնականաբար, երեխաներին իրենց հետ են տանում՝ կիսատ թողնելով կրթությունը:
Երաժշտական դպրոցի ամենացավոտ կողմը աշխատավարձերն են: Դպրոցում աշխատում են 60-ից ավել մանկավարժներ, ովքեր այս տարի օգոստոսից նախկինում 35 հազար դրամի փոխարեն ստանում են մոտ 40-45 հազար դրամ աշխատավարձ:  Մ.Կիրակոսյանը
168.am-ի հետ զրույցում նշեց, որ կան ուսուցիչներ, ովքեր միայն աշխատավաձով են ապրում, և կառավարությունը պետք է ուշադրություն դարձնի այս ցավալի խնդրին: Հենց ցածր աշխատավարձն է պատճառը, որ շատ շնորհալի ու տաղանդավոր երեխաներ այլ մասնագիտություն են ընտրում, որպեսզի կարողանան ավել գումար վաստակել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս