Բաժիններ՝

Հայաստանում մեկնարկում է ԿԲ կառավարիչների ակումբի 30-րդ նիստը

Սեպտեմբերի 12-14-ը ՀՀ կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնահետազոտական նորաբաց կենտրոնում Հայաստանում անցկացվում է Կենտրոնական Ասիայի, Սևծովյան տարածաշրջանի և Բալկանյան երկրների կենտրոնական/ազգային բանկերի կառավարիչների ակումբի 30-րդ հանդիպումը, որը կազմակերպվել է ՀՀ դրամի 20-ամյա հոբելյանին նվիրված միջոցառումների շրջանակում:

Կառավարիչների ակումբի 22 անդամ-երկրներից հանդիպմանը ներկա է 18 երկրի պատվիրակություն, այդ թվում՝ 12 կառավարիչ:

Կառավարիչների ակումբի հայաստանյան հանդիպմանը հրավիրված են ֆինանսական աշխարհում հայտնի փորձագետներ: Հանդիպման գլխավոր զեկուցողն է Միջազգային հաշվարկների բանկի Ֆինանսական կայունության ինստիտուտի նախագահ, Չեխիայի Հանրապետության նախկին վարչապետ Ջոզեֆ Տոսովսկին: Զեկուցողների թվում են նաև ԱՄՆ «Գլոբալ Սուվերեն Ըդվայզրս» ընկերության ավագ գործընկեր, միջազգային ֆինանսական աշխարհում համբավ վայելող վերլուծաբան Բորիս Բորոզանը, Սերբիայի ազգային բանկի նախկին կառավարիչ և «Էրստե Բանկ»-ի ներկայիս գործադիր տնօրեն և նախագահ Ռադովան Ժելաշիչը, ինչպես նաև Խորվաթիայի ազգային բանկի կառավարչի տեղակալ Մայքլ Ֆոլենդը: Հանդիպումն անցկացվում է «Անցած ճգնաժամից սերտած դասեր. մարտահրավերները հաղթահարելու նոր մոտեցումներ և գործիքներ» խորագրի ներքո և ունի բավականին հագեցած օրակարգ:

Զեկուցողների ելույթները հիմնականում վերաբերում են ֆինանսական աշխարհում արդիական խնդիրներին: Ջոզեֆ Տոսովսկին ներկայացնելու է «Նորմատիվային նոր գլոբալ բանկային համակարգ» զեկույցը, իսկ Ռադովան Ժելաշիչը՝ արտարժույթով վարկավորելու հունգարական փորձը: Անդրադարձ կկատարվի նաև «Համաշխարհային տնտեսության և հիմնական ֆինանսական շուկաների հեռանկարներ» թեմային, որը կներկայացնի Բորիս Բորոզանը:

Ակումբի ստեղծման հիմնական նպատակներից է Կենտրոնական Ասիայի, Սևծովյան տարածաշրջանի և Բալկանյան երկրների հարաբերությունների ամրապնդումը, ինչպես նաև նշված երկրների կենտրոնական/ազգային բանկերի միջև գործակցության ընդլայնումը և խորացումը: Այս ամենն իր հերթին կնպաստի Հայաստանում դրամավարկային քաղաքականության արդյունավետ համակարգմանը, ֆինանսական կայունության հաստատմանն ու տնտեսական մթնոլորտի բարելավմանը:

Տեղեկանք

Կարևորելով դրամավարկային, ֆինանսական և բանկային ինստիտուտների դերը ֆինանսական կայունության ապահովման և տնտեսությունների արագ զարգացման, ինչպես նաև Կենտրոնական Ասիայի, Սևծովյան տարածաշրջանի և Բալկանյան երկրների միջև անդամ պետությունների փոխշահավետ գործակցության բարելավման գործում, 1997 թ-ին Կենտրոնական Ասիայի, Սևծովյան տարածաշրջանի և Բալկանյան երկրների կենտրոնական/ազգային բանկերի կառավարիչների առաջին հանդիպմանը որոշվեց հիմնել Կենտրոնական բանկերի կառավարիչների ակումբը:

Ակումբի ստեղծումը ամրագրվել է Արձանագրությամբ և ստորագրվել 1998 թ. մայիսի 1-ին՝ 14 մասնակից կենտրոնական/ազգային բանկերի կառավարիչների կողմից: Հետագայում Ակումբը համալրվել է նոր անդամներով, մասնակիցների ընդհանուր թիվը դարձել 20: 2010 թ-ին Ակումբին անդամակցեց նաև Չինաստանի ժողովրդական բանկը և Արձանագրությունը թարմացվեց նոր անդամների ստորագրություններով: Ակումբի գործունեությունը և ձևաչափը արդյունավետ է և զարգանալու, ընդլայնման  միտում ունի: Ներկայումս Ակումբի անդամներն են` Ալբանիայի, Հայաստանի, Ադրբեջանի, Հունաստանի, Ղրղզստանի, Բոսնիայի և Հերցեգովինայի, Մոնտենեգրոյի, Ռուսաստանի, Իսրայելի, Թուրքիայի ԿԲ-ները, Մակեդոնիայի, Մոլդովայի, Բուլղարիայի, Ռումինիայի, Ղազախստանի, Լեհաստանի, Սերբիայի, Տաջիկստանի, Ուկրաինայի, Չեխիայի, Վրաստանի ազգային բանկերը, Չինաստանի ժողովրդական բանկը:

ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայություն

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս