Գարեգին Նուշիկյան. Մենք այսօր էլ ունենք բավական քանակով ապրանքատեսակներ, որոնք ներկայացված են Եվրոպայում
168.am-ը ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գարեգին Նուշիկյանից հետարքրքվեց, թե` քաջատեղյակ լինելով գործարար ոլորտին, ի՞նչ է կարծում, Հայաստանը կարո՞ղ է Եվրոպական շուկա արտահանել համարժեք արտադրանք ու վաճառել այն: Ի պատասխան Գ. Նուշիկյանը զարմացած հարցրեց. «Մենք այսօր էլ ունենք բավական քանակով ապրանքատեսակներ, որոնք ներկայացված են Եվրոպայում: Դա հիմնականում գյուղմթերքների տեսքով է: Ի՞նչ է, Չինաստանը կարո՞ղ է, մենք չենք կարո՞ղ: Նույն մարդիկ են: Ավելին՝ մեր մասնագետներն ու վարպետներն ավելի բարձր որակներ ունեն: Իրենք կարող են այնպիսի արտադրանք արտադրել, որ տարածվի ամբողջ Եվրոպայով, մենք էլ չենք կարո՞ղ»:
Նա դժվարացավ պատասխանել այն հարցին, թե ի՞նչ կտա Մաքսային միությունը Հայաստանին` պատճառաբանելով, թե խորությամբ չգիտի էությունը, բայց վստահեցրեց. «Կարող եմ ասել, որ համոզված եմ` երկրի նախագահն ամեն ինչ անում է երկրի համար, որպեսզի լավագույն պայմաններով պայմանագրեր կնքվեն: Բացի դրականից` բացասական ոչինչ չի տա: Եթե հարց է դրվում՝ այս կո՞ղմ, թե՞ այն կողմ, ավելի լավ կլիներ, որ երկու կողմն էլ հավասար գործընկերային հարաբերություններ հաստատեին: Ժամանակը ցույց կտա»:
Դիտարկմանը, թե Եվրոպան հայտարարում է, որ «և-և» տարբերակն անընդունելի է, նա արձագանքեց, թե նախ պետք է հասկանալ` ինչո՞ւ է անընդունելի, ապա նշեց. «Ո՞վ է ասել, որ համաձայնագիրը պետք է լինի «կամ-կամ»: Վերջին հաշվով` սա նոր երևույթ է… Իսկ Եվրամիությունը բավական երկար պատմություն ունի ու եղել են պայմանագրեր, որոնք պետություններին են հարմարեցվել»: