Բաժիններ՝

Դատական կարգադրիչների պետը կալանավորվեց

Առանձնապես խոշոր չափերի հափշտակության մեջ մեղադրվող  Դատական կարգադրիչների ծառայության պետ Արմեն Մովսիսյանի նկատմամբ այսօր որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը։ Այս մասին տեղեկացնում է «Փաստինֆոն»:

Դատարանը բավարարել  է քննիչի միջնորդությունը և կալանքը որպես խափանման միջոց կիրառել 2 ամիս ժամկետով։   Այս գործով որպես մեղադրյալ ներգրավվել է նաև Դատական կարգադրիչների ծառայության պետ Արմեն Մովսիսյանի  տեղակալ Գագիկ Խաչատրյանը, իսկ  մյուս տեղակալի`Գեղամ Գրիգորյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

Նշենք, որ Գ.Խաչատրյանի նկատմամբ ևս նախկինում որպես խափանման միջոց էր կիրառվել կալանքը, սակայն Ա.Մովսիսյանին ձերբակալելու օրը փոխվեց Գ.Խաչատրյանի խափանման միջոցը և նա անձնական երաշխավորությամբ ազատ արձակվեց։

Ըստ «Փաստինֆո»-ի ունեցած տեղեկատվության, դատական կարգադրիչների համակարգում աշխատավարձերի յուրացման դեպքեր են բացահայտվել, որն իր ընդգրկմամբ հավակնում է դառնալ սոցիալական չարաշահումների աղմկահարույց գործերից հետո երկրորդը: Քննությամբ բացահայտվել են մի քանի տասնյակ անձինք, ովքեր գրանցված են եղել, սակայն չեն ներկայացել աշխատանքի, իսկ նրանց աշխատավարձերը ստացել ու յուրացրել են նրանց պետերը: Ընդ որում, չարաշահումներն ընդգրկել են տարբեր ընդհանուր իրավասության դատարանների դատական կարգադրիչների կառույցներ, իսկ «կծիկը» գլորվում ու հասնում է մինչև դատական կարգադրիչների ծառայության կենտրոնական համակարգ:

Մեղադրանքներ են առաջադրվել նաև դատական կարգադրիչների ծառայության տարբեր ստորաբաժանումների ղեկավարներին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս