Բաժիններ՝

Հայաստանը Կրեմլին հանձնեց ԵՄ-ի ու ՌԴ-ի միջև պատերազմի ճակատներից մեկի հաղթանակը. The Wall Street Journal

Ամերիկյան The Wall Street Journal պարբերականում սեպտեմբերի 4-ին հրապարակվել է Նաֆթալի Բենդևիդի ու Լոուրենս Նորմանի «Դավաճանելով ԵՄ-ին՝ Հայաստանը կապվեց Ռուսաստանի հետ» խորագրով հոդվածը, որում ասվում է.

«Եվրոպացի դիվանագետներին այս շաբաթ ապշեցրեց այն նորությունը, որ Հայաստանը, որը ձգտում է ամրագրել իր կապերը ԵՄ-ի հետ, դրա փոխարեն որոշել է միանալ Ռուսաստանի գլխավորած Մաքսային միությանը՝ դրանով իսկ Կրեմլին հանձնելով հաղթանակը տարածաշրջանում ազդեցության համար Բրյուսելի հետ նրա վարած պատերազմի ճակատներից մեկում:

Այժմ հարցը կայանում է նրանում, թե արդյոք Հայաստանը հանդիսանո՞ւմ է մյուս հետխորհրդային երկրների հանդեպ այդպիսի քայլերի նախանշան: Հայաստանի շրջադարձի մասին հայտարարվեց երեքշբաթի՝ Կրեմլում Ռուսաստանի ու Հայաստանի նախագահներ Վլադիմիր Պուտինի ու Սերժ Սարգսյանի հանդիպման ժամանակ:

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի խոսքերով՝ դա ռացիոնալ որոշում է, որը բխում է Հայաստանի ազգային շահերից՝ ընդգծելով, որ այդ որոշումը չի ենթադրում եվրոպական ինստիտուտների հետ երկխոսելուց Հայաստանի հրաժարում:

Ակնկալվում էր, որ Հարավային Կովկասում գտնվող փոքրիկ երկիրը ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը նախաստորագրելու էր այս տարվա նոյեմբերին Վիլնյուսում կայանալիք գագաթաժողովում, ինչը կամրապնդեր առևտրային կապերը և կխթաներ ժողովրդավարական բարեփոխումները Հայաստանում:

Սակայն պարոն Պուտինն ուժեղացրեց ճնշումը Ռուսաստանի ու ԵՄ-ի միջև երկփեղկված երկրի վրա, որպեսզի նա միանա ոչ վաղ անցյալում ստեղծված և զարգացող Մաքսային միությանը, որի կազմում արդեն իսկ մտել են Բելառուսն ու Ղազախստանը: Ռուսաստանն այստեղ ընկալվում է որպես գերակա դիրքեր ունեցող գործընկեր:

Եվրոպացի պաշտոնյաներն ասում են, որ Մոսկվայի գլխավորած Մաքսային միության մեջ մտած երկրները չեն կարող ինտեգրվել ԵՄ-ին, քանի որ նրանք Ռուսաստանի հետ առևտրային հարցերում փաստացիորեն հանձնում են իրենց ինքնիշխանությունը:

Չնայած պարոն Պուտինի այն պնդումներին, թե Հայաստանն ինքն է բլոկի մեջ մտնելու որոշում կայացրել՝ Բրյուսելում քչերն են կասկածում, որ այդ երկրի քաղաքականությունում կտրուկ շրջադարձի պատճառն այն է, որ Մոսկվան բարձրացրել է նրա համար ԵՄ-ի հետ մերձենալու գինը:

Ռուսաստանն ունի հզոր լծակներ, քանի որ հանդիսանում է Հայաստանի գազի մատակարարը և կարող է որոշել վառելիքի գինը: Հազարավոր ռուս զինվորականներ բազավորված են Հայաստանում, և Ռուսաստանը հանդիսանում է երկրի անվտանգության փաստացի երաշխավոր՝ Լեռնային Ղարաբաղի պատճառով հարևան Ադրբեջանի հետ հակամարտությունում:

Այնուամենայնիվ, Ռուսաստանի ճնշման մարտավարության և Հայաստանի քաղաքականությունում 180 աստիճանի շրջադարձի ինտենսիվությունը հանգիստ չի տալիս եվրոպացի պաշտոնյաներին: Ընդամենը վեց շաբաթ առաջ՝ հուլիսի 24-ին, Եվրահանձնաժողովն ավարտել է Հայաստանի հետ Ասոցացման համաձայնագրի շուրջ բազմամյա բանակցությունները, իսկ հայ պաշտոնատար անձինք Բրյուսելի իրենց գործընկերներին վստահեցրել էին, որ չի լինի նահանջ:

Առևտրի տեսանկյունից Հայաստանն այդքան էլ մեծ ավար չէ կողմերից յուրաքանչյուրի համար: Նրա տնտեսությունը հարաբերականորեն մեծ չէ, ՀՆԱ-ն կազմում է 7.5 միլիարդ եվրո (մոտ 10 միլիարդ դոլար): Սակայն ըստ երևույթին ԵՄ-ի առաջնորդներն Հայաստանի հետ ասոցացման գործարք կնքելը դիտարկում էին որպես դիվանագիտական հաղթանակ:

Հայաստանի քայլն ի ցույց է դնում Արևելքի ու Արևմուտքի միջև երկփեղկված երկրի նկատմամբ գործադրված ճնշման ուժը, ինչպես նաև այն խնդիրները, որոնք կարող են սպասել ԵՄ-ի հետ մերձեցող մյուս երկրներին: Օրինակ Ուկրաինան մտադիր է երկար սպասված Ասոցացման համաձայնագիրը ստորագրել նոյեմբերին Վիլնյուսում, իսկ Մոլդովան ու Վրաստանը պլանավորել են նախաստորագրել այն:

Եվրոպական խորհրդարանի՝ Արտաքին հարցերով հանձնաժողովի լեհ անդամ Յացեկ Սարիուշ Վոլսկին կարծում է, որ առաջին հերթին մտահոգիչ է իրադարձությունների ընդհանուր համատեքստը. «Նման ճնշումը վերաբերում է բոլոր չորս երկրներին (ներառյալ Հայաստանը), որոնք գտնվում են ասոցացման ճանապարհին: Դա մեծ պատկերի միայն մի մասն է և հարուցում է մտահոգություն, որ դա կարող է ունենալ դոմինոյի էֆեկտ:

Եվրոպացի պաշտոնյաների զարմանքն ակնհայտ էր չորեքշբաթի, երբ նրանք (ԵՄ-ի դիվանագիտության քարտուղար Քեթրին Էշթոնի մամլո խոսնակ Մայա Կոսիյանչիչ) անվստահորեն էին մեկնաբանում իրավիճակը: Եվրոպացի դիվանագետներից մեկը Հայաստանի քաղաքականության շրջադարձը որակեց որպես Ռուսաստանի մտադրությունների «տագնապալից ազդանշան»:

Սակայն նա կարծում է, որ դա ընդհանրապես չի նշանակում, որ մնացյալ երկրները երես կթեքեն ԵՄ-ից. «Վրացի առաջնորդները նախկինի նման Ռուսաստանի վրա զայրացած են 2008 թվականի ներխուժման համար, իսկ Ուկրաինան ու Մոլդովան ամուր և հրապարակավ հայտարարել են Եվրոպային իրենց հավատարմության մասին»:

ԵՄ-ի «Արևելյան գործընկերության», որում ներառված են Հայաստանը, Ադրբեջանը, Բելառուսը, Վրաստանը, Մոլդովան ու Ուկրաինան, շուրջ պայքարը հանդիսանում է Եվրոպայի ու Ռուսաստանի միջև հակամարտության կետերից միայն մեկը:

Ռուսաստանն արդեն իսկ բողոքել է ԵՄ-ի կանոնների դեմ, որոնք հարկադրում են մասնատել էներգետիկ հսկա ընկերությունները, ինչը պարոն Պուտինը մշտապես որակում է որպես ԵՄ-ի անդամ մի շարք երկրներում ռուսական ներդրումների «առգրավում»:

ԵՄ-ն իր հերթին դարձավ առաջինը, ով Ռուսաստանին դատի տվեց Առևտրի համաշխարհային կազմակերպությունում (ԱՀԿ), ինչի պատճառը ավտոմեքենաների ներկրման վրա դրված բարձր մաքսատուրքերն էին: Եվրոպացի պաշտոնատար անձինք Մոսկվային քննադատում են նաև Սիրիայի նախագահ Բաշար Ասադին մեկուսացնելուն ուղղված փորձերն արգելափակելու մեջ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս