Ղարաբաղի կարգավիճակի հարցը շարունակում է մնալ անորոշ

Դեռ ամիսներ առաջ մեր հրապարակումներում գրել էինք, որ Հայաստանի՝ Մաքսային միությանը միանալու խոչընդոտներից մեկը համարվում էր այն հանգամանքը, որ ըստ որոշ տեղեկությունների, Մաքսային միության անդամ Ղազախստանը պահանջում էր, որպեսզի Հայաստանը միությանն անդամակցի առանց Ղարաբաղի: Թեև ֆորմալ առումով Ղազախստանը Հայաստանի ռազմաքաղաքական դաշնակիցն է, քանի որ երկու երկրներն էլ անդամակցում են ՀԱՊԿ-ին, սակայն լինելով Կասպյան ավազանի երկիր` Ղազախստանն անհամեմատ ավելի մեծ տնտեսական և աշխարհաքաղաքական շահերով է կապված Ադրբեջանի հետ: Հենց այդ ընդհանուր շահերն են, որ Ղազախստանին ստիպում են պաշտպանել Ադրբեջանի դիրքորոշումը:

Ինչպես նշել էինք ավելի վաղ, եթե Հայաստանը դառնում է Մաքսային միության անդամ, և այդ միության անդամ երկրները աչք են փակում այն հանգամանքի վրա, որ Հայաստանի հետ միաժամանակ Մաքսային միության անդամ է դառնում նաև Լեռնային Ղարաբաղը, ապա ստացվում է, որ Մաքսային միության անդամները դե ֆակտո ճանաչում են, որ Լեռնային Ղարաբաղը Հայաստանի անբաժանելի մասն է: Օրինակ, եթե Ղարաբաղում արտադրված որևէ ապրանք առանց մաքսազերծման հասնում է Ղազախստան, ապա դա նշանակում է, որ Ղազախստանը ընդունում է, որ Ղարաբաղի տարածքը Մաքսային միության մեջ է:

Հենց այդ տրամաբանության շրջանակներում է, որ, ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, հիմնվելով մեր դիվանագիտական աղբյուրների վրա, Ղազախստանը պահանջել էր, որպեսզի Հայաստանի՝ Մաքսային միություն մտնելու դեպքում Ղարաբաղի հետ սահմանին դրվեն մաքսակետեր: Այս պահանջի անհեթեթությունը պարզաբանման ենթակա չէ, քանի որ որևէ բանական մարդ չի կարող պատկերացնել՝ ինչպես կարող են Հայաստանի և Ղարաբաղի միջև լինել մաքսային սահմաններ և մաքսակետեր:
Հայաստանի իշխանության որևէ ներկայացուցիչ որևէ պաշտոնական կամ նույնիսկ ոչ պաշտոնական բացատրություն չի տվել, թե ինչ կարգավիճակ է նախատեսվում Ղարաբաղի համար՝ Հայաստանի Մաքսային միություն մտնելու դեպքում: Նույնը վերաբերում է նաև Խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրման պարագայում Ղարաբաղի սպասվող ճակատագրին:

Սեպտեմբերի 3-ին նախագահ Սերժ Սարգսյանը Մոսկվայում հայտարարեց, որ Հայաստանը մտադիր է դառնալ Մաքսային միության անդամ, իսկ Ղարաբաղի հարցը պետք է կարգավորվի բացառապես խաղաղ ժանապարհով: Բայց որևէ խոսք չասվեց այն մասին, թե ինչ է լինելու ԼՂՀ-ի հետ՝ Հայաստանի Մաքսային միությանն անդամակցելու դեպքում: Արդյոք Լեռնային Ղարաբաղում արտադրված ապրանքները նույն մաքսային ռեժիմով են արտահանվելու Մաքսային միության անդամ երկրներ, թե դրանք Հայաստանի՝ միջազգայնորեն ճանաչված սահմանը հատելու պարագայում ենթակա են մաքսազերծման: Նույնը վերաբերում է նաև ներմուծմանը:

Իհարկե, Ղարաբաղի տնտեսության ծավալները Մաքսային միության անդամ երկրների տնտեսությունների համեմատ այնքան փոքր ու աննշան են, որ դրա վրա կարելի էր նաև աչք փակել: Բայց ինչպես նշեցինք` կարևորը ոչ թե հարցի տնտեսական, այլ քաղաքական կողմն է:

Մեր դիվանագիտական աղբյուրները վստահեցնում են, որ այդ հարցում Ռուսաստանը խոստացել է աջակցել Հայաստանին և հասնել նրան, որ Ղազախստանը ուղղակի աչք փակի Ղարաբաղի գոյության վրա: Առաջիկայում Ղազախստանը պետք է պաշտոնական վերաբերմունք արտահայտի Հայաստանի` Մաքսային միությանը միանալու վերաբերյալ, քանի որ այդպես է պահանջում միության կանոնադրությունը: Ենթադրվում է, որ եթե Ղազախստանի վերաբերմունքը լինի դրական և դրանում որևէ վերապահում չլինի Ղարաբաղի մասով, խնդիրը հնարավոր կլինի համարել լուծված:

Կարո՞ղ է Ռուսաստանը ստիպել Ղազախստանին գնալ նման զիջման, և համաձայնել, որ Հայաստանը Մաքսային միություն մտնի Ղարաբաղի հետ, թե՞ կարող է ընդհակառակը՝ իր կոշտ ու անզիջում դիրքորոշմամբ հասնել նրան, որ Հայաստանը հրաժարվի միանալ այդ միությանը` դժվար է կանխատեսել: Չպետք է անտեսել նաև Բելառուսին, որի նախագահը թեև ջերմ հարաբերություններ ունի հայ օլիգարխիայի որոշ ներկայացուցիչների հետ, սակայն վերջին մեկ շաբաթվա մեջ խիստ սրված հարաբերությունների մեջ է ՌԴ իշխանության հետ:

Մյուս կողմից` Բելառուսի նախագահն իր երկրի ֆինանսական դժվարությունները լուծելու համար մի քանի անգամ դիմել է Ադրբեջանի նախագահի օժանդակությանը և հիմա կարող է փոխադարձության կարգով կատարել նրա խնդրանքը` կանխելով Հայաստանի անդամակցությունը Մաքսային միությանը: Եթե իհարկե Ադրբեջանը հիացած չէ այն մտքից, որ Հայաստանը հրաժարվել է Եվրոինտեգրումից և պարտավորված է միանալ Մաքսային միությանը:
«168 ԺԱՄ»

Տեսանյութեր

Լրահոս