Եվրաատլանտյան ինտեգրումը Վրաստանի անվտանգության ու ժողովրդավարության երաշխիքն է. Բիձինա Իվանիշվիլի

Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին Թբիլիսիի «Ռեդիսոն» հյուրանոցում հանդիպել է արտասահմանում Վրաստանի դիվանագիտական ներկայացուցիչների հետ: Իր ելույթում Իվանիշվիլին ընդգծել է, որ քաղաքական համագոյակցության պայմաններում հաջողվել է հասնել երկրի համար կարևոր խնդիրների շուրջ փոխշահավետ համագործակցության.

«Անհրաժեշտ է ընդգծել, որ 2012 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո մենք աշխատում ենք քաղաքական համագոյակցության ռեժիմում, որի փորձը Վրաստանը չի ունեցել ցայժմ: Մենք քանիցս հայտարարել ենք և ցանկանում եմ ևս մեկ անգամ ընդգծել, որ եվրոպական ու եվրաատլանտյան ինտեգրումը հանդիսանում է մեր երկրի անկյունաքարը:

Մենք բոլորս՝ ժողովուրդն ու իշխանությունը, հիանալի հասկանում ենք, որ եվրոպական ու եվրաատլանտյան ինտեգրումը մեր միակ ուղին է, որը մեր երկրին հնարավորություն է տալիս ձևավորել իրական ժողովրդավարություն: Միայն դա կպայմանավորի ազգային անվտանգության ու ժողովրդավարության զարգացման ամրապնդումը: Այդ տեսանկյունից Վրաստանի համար առավել կարևոր է լինելու Վիլնյուսի գագաթաժողովը:

Հավատում եմ, որ ԵՄ-ի երկրներում մեր դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարները ջանքեր չեն խնայելու՝ ապահովելու համար ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրումը և դրանից հետո ստորագրումը: Մենք այսօր չպետք է մոռանանք նաև գագաթաժողովից հետո մեր նպատակների ու հեռանկարների մասին»:

Տեսանյութեր

Լրահոս