Իրանի ոստիկանությունը սկսել է ակտիվորեն ձերբակալել հիջաբ չկրող կանանց
Իրանական ISNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի ոստիկանության՝ բարոյականության հարցերով զբաղվող բաժանմունքն ակտիվացրել է Թեհրանում կանանց հետապնդումները՝ կապված վերջին օրերին իսլամական հագուստի կանոնները խախտելու հետ:
Վերջին շրջանում մայրաքաղաքի փողոցներում, այգիներում ու առևտրային կենտրոններում զգալիորեն աճել է այսպես կոչված «մաքրաբարոյության էսկադրոնի» տղամարդ և կին ոստիկանների քանակը: Վերջիններս ձերբակալում են այն կանանց, որոնք չեն կրում հիջաբներ (մուսուլմանական գլխաշոր), ինչից հետո հարցաքննում են նրանց:
Դրանից առաջ էլ ոստիկանությունը «ոչ տեղին հագուստով» մի շարք կանանց թույլ չէր տվել մասնակցել Թեհրանում անցկացված համերգի: Միջադեպի արդյունքում ձերբակալվել էր մի քանի կին: Իրանում պահանջում են, որ կանայք ծածկեն իրենց գլուխը և կրեն ազատ զգեստ, որը կթաքցնի նրանց կազմվածքը:
Դրա հետ կապված՝ ոստիկանությունը մշտապես ակտիվություն է ցուցաբերում յուրաքանչյուր գարուն և ամառ: