Աշոտյանը մեղադրելու է մանկավարժներին
«Այս ուսումնական տարվան լավ ենք պատրաստվել` հաստատված է նոր ուսումնական պլանը, հաստատված են նոր դասագրքերը, հաստատված են մի շարք առարկայական բեռնաթափված նոր ծրագրերը և ես ակնկալում եմ, որ գալիք ուսումնական տարվա ընթացքում մենք կստանանք նաև ձեր գնահատականը` այս կատարված քայլերի»,- Սյունիքում հանրակրթական դպրոցների տնօրենների օգոստոսյան խորհրդակցության ժամանակ ասել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:
Վերջինս քննադատել է մի քանի դպրոցների, որոնք ներգրաված են եղել դասագրքերի փորձարկման ծրագրին, սակայն մանկավարժները շատ ֆորմալ, ձևական պատասխան են տվել դասագրքերի գնահատման նախարարության առաջարկին: «Հետո չնեղանանք, եթե դասագրքերը լավ չլինելու դեպքում՝ ես ձեզ մեղադրեմ»,- զգուշացրել է նախարարը:
Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը ներկայացնելով մարզի կրթության ոլորտում առկա խնդիրները՝ առաջարկել է դպորցները դարձնել հնգօրյա: Չնայած նախարարը դեմ չէր, բայց գյուղական դպրոցների տնօրեններն առարկել են՝ նշելով, որ դպրոցներում չկան ճաշարաններ, և երեխաները չեն կարողանա ճաշել: Մարզպետը առաջարկել է քննարկել հարցը և հույս հայտնել, որ ելքը կգտնվի:
Ի դեպ, եկող տարի բարձրացվելու է մանկավարժների աշխատավարձը: Սա ոգևորություն է առաջացրել դահլիճում: