Հարվածի կամ ներխուժման դեպքում ԱՄՆ-ին սպասում է ձախողում. Բաշար Ասադ
Ռուսական Известия թերթին տված հարցազրույցի ժամանակ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հայտարարել է, որ արևմտյան երկրների ղեկավարները չեն գնա Սիրիայում ռազմական գործողություն անցկացնելուն.
«Ռազմական ներխուժմանը խոչընդոտոմ է այն, որ բոլորն են հասկանում, որ Սիրիայում տեղի ունեցող դեպքերը ժողովրդական հեղափոխություն չեն և բարեփոխումների պահանջներ չեն: Դա ահաբեկչություն է: Այդպիսի իրավիճակում արևմտյան առաջնորդները չեն կարող իրենց քաղաքացիներին ասել, որ գնում են Սիրիա՝ ահաբեկչությանն աջակցելու համար:
Սիրիայում ռազմական ներխուժման հարցն արդեն իսկ բարձրացվում է ոչ առաջին անգամ: Ճգնաժամի սկսվելուց հետո ԱՄՆ-ը, Ֆրանսիան ու Մեծ Բրիտանիան փորձել են իրականացնել ռազմական ներխուժում, սակայն դժբախտաբար գործը ստացավ այլ ընթացք: Նրանք փորձեցին համոզել Ռուսաստանին ու Չինաստանին փոխել իրենց դիրքորոշումը ՄԱԿ ԱԽ-ում, սակայն դա չստացվեց:
Նրանք չկարողացան համոզել իրենց ժողովուրդներին ու համայն աշխարհին նրանում, որ Մերձավոր Արևելքում իրենց վարած քաղաքականությունը խելամիտ և օգտակար է: Եթե ԱՄՆ-ն ամեն դեպքում որոշի հարված հասցնել Սիրիային կամ անգամ ներխուժել երկիր, ապա նրան սպասում է ձախողում, ինչպես որ եղել է նրա սանձազերծած նախորդ բոլոր պատերազմներում՝ Վիետնամից սկսած մինչև մեր օրեր:
Ամերիկան մասնակցել է բազմաթիվ պատերազմների, սակայն ոչ մի դեպքում չի կարողացել հասնել իր քաղաքական նպատակներին, հանուն որոնց սկսել է այդ պատերազմները: Սիրիայում տիրող իրավիճակը տարբերվում է Եգիպտոսում ու Թունիսում տիրող իրավիճակներից: «Արաբական հեղափոխությունների» նույն սցենարը դադարել է համոզիչ լինելուց: Նրանք կարող են սկսել ցանկացած պատերազմ, սակայն չեն կարող իմանալ, թե որքան երկար կտևի այն և որչափ տարածքի վրա կտարածվի այդ պատերազմը»: