Դավիթ Օհանյան. Այստեղ ավելի շատ անհայտ մարդիկ են հավաքված՝ անհասկանալի պատճառներով, քան բնակիչներ (տեսանյութ)

Ինչպես տեղեկացրել ենք, այսօր Երևանի փոխքաղաքապետ Դավիթ Օհանյանը այցելեց Կոմիտաս 5 հասցեում հավաքված քաղաքացիների հետ զրույցելու, որոնք մի քանի օր է՝ բողոքում են շենքի հարակից տարածքում սկսված շինարարության դեմ: Դ. Օհանյանը հավաքվածների շարքերում փնտրում էր շենքի բնակիչներին ու զարմացած հարցնում. «Մի բնակիչ չկա՞ հետները խոսենք»: Նա անդրադարձավ տարածքում հավաքված երիտասարդների՝  «Սիրուն չեք, հեռացի», «Եկել եք որ ինչ անեք» և այլ վանկարկումներին՝ հորդորելով իր հետ նման կերպ չխոսել, ապա նշեց. «Այստեղ ավելի շատ անհայտ մարդիկ են հավաքված՝ անհասկանալի պատճառներով, քան բնակիչներ: Բնակիչը իր շահի համար ա բողոքում, իսկ ես այստեղ բնակիչներից շատ քիչ մարդ եմ տեսնում»:

168.am-ը փոխքաղաքապետից հետաքրքրվեց, թե ինչո՞ւ է դժգոհում, որ բողոքի են դուրս եկել նաև ակտիվիստները: Ի պատասխան նա նշեց. «Ես դժգոհություն չունեմ: Եկել եմ մարդկանց լսելու: Ես ցավ եմ ապրում… ցավ եմ ապրում, որ անհայտ մարդիկ, անհասկանալի պահանջներ են ներկայացնում: Նման կերպով մենք աշխատել չենք կարող»:

Նա նշեց, որ Երևանի քաղաքապետը հարցի առնչությամբ քննարկում է անցկացրել` հաշվի առնելով բնակիչների բոլոր առաջարկները և արդյունքում հաստատել միայն շինարարության զրոյական նիշը սկսելու թույլտվությունը: «Առաջիկա օրերին, բնակիչների խնդրանքը հաշվի առնելով, հաստատվելու է 7 հարկանի շենքի նախագիծ: Բնակիչների դժգոհությունը, կարծում եմ՝ նրանում է, որ նախկինից գիտեին, թե կառուցվելու է 14 հարկանի շենք, բայց այսօր քաղաքապետի կողմից հաշվի են առնվել բնակիչների խնդրանքները և կհաստատվի 7 հարկանի շենքի նախագիծ»,- ընդգծեց նա` ավելացնելով, որ կառուցվող շենքը նախկինում մուտք չի ունեցել: Այն, նրա խոսքով` եղել է տրամվայի ենթակայան, ապա սեփականաշնորհվել է. «Այս շենքը բնակիչների համար մուտք չի ունեցել, խաղահրապարակ չի եղել, շենքի կառուցմամբ մեքենաների հոսքը չի ավելանում… Հաշվի են առնված բոլոր նորմերը: Խնդրի լուծումները օրենքի սահմաններում տրված են»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս