Բաժիններ՝

Սեմյոն Պողոսյանը գնել է եղբորը պատկանող «Սիգարոնի» 50% բաժնետմոսերը

168.am-ի տեղեկություններով՝ «ՍՊՍ Սիգարոն» ընկերության 50% համասեփականատեր Սեյրան Պողոսյանը վաճառել է իր բաժնեմասը: Գնորդը նրա եղբայրն է՝ մոսկվաբնակ գործարար Սեմյոն (Սիմոն) Պողոսյանը, ով մյուս 50% բաժնետմոսերի սեփականատերն էր: Այժմ ընկերությունն ամբողջությամբ պատկանում է Սեմյոն Պողոսյանին:

Այս լուրը մեզ հետ զրույցում հաստատեց Սեմյոն Պողոսյանի փաստաբան Լեռնիկ Հովհաննիսյանը: Նա հայտնեց, որ գործարքը կատարվել է մոտ 1 ամիս առաջ՝ հուլիսին: Ըստ Հովհաննիսյանի՝ Ս.Պողոսյանն արդեն մոտ 500 հազար դոլար ներդրումներ է իրականացրել՝ ամբողջությամբ վճարելով հարկային պարտավորությունները, մասամբ նաև կոմունալ վճարները և աշխատավարձերը: Առաջիկայում ներդրումների ծավալն անհամեմատ մեծ կլինի. նախատեսվում է գործարանն ամբողջությամբ վերազինել, սկսել նոր ապրանքատեսականու արտադրություն և վերականգնել աշխարհում ճանաչված հայկական բրենդի վարկը:

Լ.Հովհաննիսյանը նաև տեղեկացրեց, որ դատարանում դեռ շարունակվում է Սեմյոն Պողոսյանի հայցադիմումի քննությունն ընդդեմ «Անելիք բանկի», սակայն փորձ է արվում գործի հանգուցալուծումը տալ արտադատարանական կարգով և բանկն ավելի մեղմ դիրքերից է հանդես գալիս: Հիշեցնենք, որ «Սիգարոնը» «Անելիք բանկին» պարտք է մոտ 6 մլն դոլար, վարկային գործարքները կնքել էր Սեյրան Պողոսյանը՝ առանց իր եղբոր համաձայնության: Ըստ Սեմյոն Պողոսյանի՝ վարկային պայմանագիրը «կեղծիքներով է իրականացվել»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս