«Կասկած հարուցող» հրազդանցի երիտասարդն ու նրա ձեռքի պոլիէթիլենային տոպրակը
Ինչպես հաղորդում է ՀՀ Ոստիկանության պաշտոնական կայքը, օգոստոսի 16-ին, ժամը 12.15-ի սահմաններում, ոստիկանության Հրազդանի բաժնի պրոֆիլակտիկայի բաժանմունքի ծառայողները թիվ 2 երթուղու ծառայությունը ստուգելիս, Կենտրոն թաղամասի թիվ 31 շենքի հարևանությամբ նկատել են կասկած հարուցող մի երիտասարդի, որի ձեռքին եղել է պոլիէթիլենային տոպրակ:
Ստուգմամբ պարզվել է, որ երիտասարդը 1988 թ. ծնված Կարեն Ս.-ն է, իսկ ձեռքին եղած տոպրակում գտնվող ձայնարկիչի վերաբերյալ հայտնել է, որ օգոստոսի 14-ի գիշերը գողացել է նշված թաղամասի թիվ 36 շենքի բակում կայանված «ԳԱԶ-2410» մակնիշի ավտոմեքենայի սրահից:
Օգոստոսի 16-ին, ժամը 17.00-ին, բաժին է հրավիրվել նշված ավտոմեքենայի վարորդը և հաղորդում տվել, որ օգոստոսի 15-ի գիշերը, իրենց շենքի բակում կայանված իր ավտոմեքենայի հետևի դռան ապակին իջեցնելով և դուռը բացելով` սրահից գողացել են ձայնարկիչ:
Կարեն Ս.-ն բերման է ենթարկվել բաժին, տվել ինքնախոստովանական բացատրություն:
Կատարվում է հետաքննություն: