Գործընկերները՝ ինքնասպան եղած Հայկ Հայրապետյանի մասին. Նա կյանքով լի երիտասարդ էր, նա մասնակցում էր քաղաքացիական ակցիաներին

ՀՀ բնապահպանության նախարարության ներքին աուդիտի աշխատակիցները քիչ առաջ 168.am-ի հետ զրույցում նշեցին, որ ինքնասպան եղած իրենց գործընկեր Հայկ Հայրապետյանը շատ հավասարակշռած, աշխույժ և մարդամոտ երիտասարդ էր: Նրանց խոսքով՝ նա այսօր աշխատանքի է ներկայացել նորմալ հոգեվիճակում, և մյուս օրերի նման նորմալ շփվել է բոլորի հետ:

Նրանց խոսքով՝ Հայկ Հայրապետյանը կյանքով լի երիտասարդ է, նա նույնիսկ մասնակցում էր քաղաքացիական ակցիաներին, և մասնակցել է նաև վերջերս տեղի ունեցած «Չենք վճարելու 150 դրամ» ակցիաներին:

Հայկ Հայրապետյանը, աշխատակիցների ասելով՝ ավարտել էր ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետը: Նա նույնիսկ նկարում էր. «Մատիտով արված շատ գեղեցիկ աշխատանքներ ունի»,- ասացին Հայկ Հայրապետյանի գործընկերները:

Նրանք զարմացած են կատարվածից, քանի որ, նրանց խոսքով՝ Հայկը դեպքից ընդամենը 10 րոպե առաջ իրենց հետ է եղել, և նորմալ զրուցել է՝ ինչպես միշտ: «Ընդմիջումից 10 րոպե առաջ ասացին, որ նման բան է եղել: Վազեցինք ներքև, Հայկի ժամացույցից իմացանք, որ նա է, քանի որ արդեն ծածկել էին նրա մարմինը»,- ասացին Հայկի գործընկերները:

Ի դեպ, նրանք նաև տեղեկացրին, որ Հայկ Հայրապետյանի քեռին նույնպես աշխատում է իրենց բաժնում և նա ու Հայկը նույն աշխատասենյակում են աշխատել:

Տեսանյութեր

Լրահոս