Ավելի մեծ «պատիժն» արդեն ձեռնտու չի լինի ՌԴ-ին. մամուլ
«Առավոտ» օրաթերթը գրում է. «Քաղաքագետ Գագիկ Համբարյանը «Առավոտի» հետ զրույցում անդրադառնալով Ռուսաստանի կողմից Հայաստանի նկատմամբ հնարավոր տնտեսական պատժամիջոցներին՝ նշեց, որ Հայաստանն առանց այն էլ «պատժված» է՝ հարևանների հետ փակ սահմաններով, և դրանից ավելի մեծ «պատիժը» կհանգեցնի նրան, որ Հայաստանն ավելի ծանր իրավիճակում հայտնվի, ինչը արդեն ձեռնտու չի լինի ՌԴ-ին, որովհետև Ռուսաստանը գիտակցում է, որ տնտեսական նոր պատժամիջոցները կիրառելը իշխանությունները կօգտագործեն ընդդեմ ՌԴ-ի:
«Ռուսները արդեն իսկ գիտակցել են, որ տարածաշրջանում ստատուս-քվոն փոփոխված է, և այն ինչ ունեին քսան տարի առաջ՝ չորս-հինգ ռազմաբազա Հարավային Կովկասում և ունեին մանևրելու հնարավորություն՝ հիմա դրա հնարավորությունը չունեն, և իրենք հասկանում են, որ սա գիտակցում են և՛ ՀՀ իշխանությունները, և՛ Հայաստանի հասարակությունը: ՌԴ-ն ունի միակ ռազմաբազան Հարավային Կովկասում և դրա կորուստը ՌԴ-ի համար համարժեք կլինի ընդհանրապես Հարավային Կովկասում ռազմավարական դիրքերը պահպանելու որևէ հնարավորությունից զրկվելուն»,- նշեց մեր զրուցակիցը»:
Ամբողջական հարցազրույցը կարող եք կարդալ «Առավոտի» այսօրվա համարում: