Էկո Պատ: Բնապահպանական նորարարություն Գյումրիում
Գյումրին վերջին շրջանում աչքի է ընկնում քաղաքում իրականացվող բազմաթիվ նորարար ծրագրերով, որոնք իրենց ձևաչափով, կարելի է ասել, որ աննախադեպ են: Շուտով քաղաքում իր տեղն է գտնելու Էկո Պատը: Ի՞նչ է այն: Էկո Պատը քաղաքի որոշակի տարածքի այլընտրանքային կանաչապատման ծրագիր է: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Գյումրին էկոլոգիական տեսանկյունից գտնվում է անմխիթար վիճակում` էկոլոգիական յուրաքանչյուր իրականացվող ծրագիր քաղաքի համար մեծ կարևորություն ունի: Էկո Պատի ստեղծման, վերջինիս նպատակի և քաղաքի էկո միջավայրի մասին զրուցեցինք ծրագրի անդամ, քաղաքացիական ակտիվիստ, ուսանող Էլզա Գինեցյանի հետ:
– Ինչպե՞ս առաջացավ էկո Պատի ստեղծման գաղափարը:
– Էկո Պատ ստեղծելու գաղափարն առաջացավ EcoLab ծրագրի ժամանակ, որը ֆինանսավորվում է Գերմանական MitOst կազմակերպության կողմից: EcoLab-ը բաղկացած է երեք փուլերից. առաջին փուլում մասնակցության հայտ լրացրած և մասնակցության հնարավորություն ստացած մասնակիցները հանդիպեցին Վանաձոր քաղաքում, որտեղ առաջարկեցին գաղափարներ, որոնք էլ հետո պիտի դառնային ծրագրեր: Ծրագրերը մշակվեցին, որից հետո երկրորդ փուլում` Եղեգնաձորում ստացան անհրաժեշտ ֆինանսավորում և արդեն եկավ ծրագիրն իրականացնելու ժամանակը: Երրորդ փուլն արդեն լինելու էր մեզ մոտ` Գյումրիում, ծրագրի գնահատումը: Գյումրիից մասնակցել ենք 5 հոգով. ես, Գոռ Թորոսյանը, Անի Աղայանը, Գևորգ Ավագյանը և Շուշան Սարգսյանը, ուսանողներ ենք, քաղաքի ակտիվ երիտասարդներից ենք:
– Որտե՞ղ է գտնվելու Էկո Պատը:
– Էկո Պատը գտնվելու է Գյումրիի Վարդանանց հրապարակին կից Չերազի փողոցում, և հենց այդ վայրն ենք ընտրել, որպեսզի տեսանելի լինի բոլորին և այդպիսով ձևավորվի Էկո մշակույթ` այլընտրանքային կանաչապատման միջոցով:
– Քաղաքի կամ մարզի այլ վայրերում նման Էկո Պատեր կստեղծվե՞ն:
– Նույնատիպ գաղափար կլինի, եթե գտնվեն համապատասխան ֆինանսավորողներ, բայց առանց ֆինանսավորման էլ նմանատիպ պատ կարող է լինել: Առայժմ թիմի անդամները այդ մասին չեն մտածում, սակայն ցանկություն ունենք, որ նմանատիպ գաղափարները զարգանան այլ խմբերի կողմից ևս. Էկո մշակույթի զարգացումը տեսնում ենք բոլորի ներդրումների ու նախաձեռնությունների արդյունքում:
– Որպես Գյումրիի բնակիչ` ի՞նչ խնդիրներ ես տեսնում Գյումրիի բնապահպանական ոլորտում:
– Բացարձակ անտարբերություն եմ տեսնում մեծահասակների կողմից: Եթե բնապահպանական նախաձեռնություններ են լինում, ապա միայն ու միայն քաղաքի ակտիվ երիտասարդներն են արձագանքում դրան: Չնայած հավատում եմ, որ ՄԻ ԾԱՂԿՈՎ ԷԼ ԳԱՐՈՒՆ ԿԳԱ, բայց հանդիպել եմ շատ դեպքերի, երբ փոքրիկ երեխաները` իրենց ծնողների կողքին պոկում են թփերն ու շիվերը, սակայն ոչ մի նկատողություն չեն ստանում ու իրենց «գործը» ավարտին են հասցնում: Շատ քչերին կհանդիպես, ովքեր համբերատար պահում են աղբն իրենց ձեռքին, որպեսզի հասնեն աղբամանին ու նոր թափեն, մյուսները անմիջապես գետնին են թափում: Այսինքն, եթե նույնիսկ մեծահասակները չեն գալիս ծառատունկի կամ նմանատիպ բնապահպանական միջոցառումների չեն մասնակցում, չեն մաքրում տարածքը, ապա գոնե սերունդներին դաստիարակեն և ոչ թե այսչափ անտարբեր լինեն շրջապատի նկատմամբ:
– Քաղաքի Էկո միջավայրում բարեփոխումներ անելու ի՞նչ ուղիներ ես տեսնում:
– Եթե տարածքը տեսնեք, կհասկանաք, որ բարեփոխումներ անելը պարտադիր է, որովհետև այդտեղ աճել են փշեր ու անպիտան խոտեր, այն էլ՝ հրապարակին կից փողոցում: Ուզում ենք դրանք բոլորը պոկել և դրանց տեղը տնկել ծաղիկներ, ցածր թփեր, այսինքն՝ տարածքը գեղեցիկ կանաչապատել: Իսկ որպես «բարեփոխում»` ցանկանում ենք տեսնել այն, որ մարդիկ` տեսնելով գեղեցիկը, չփչացնեն այն, այլ հակառակը` պահպանեն ու գնահատեն: Բոլորին կոչ ենք անում սիրել մեր քաղաքը: Ոչ թե փչացնել, այլ սիրով պահպանել գեղեցիկն ու նորը, դառնալ այդ ամենի կրողն ու շարունակողը:
Գյումրի