Միջազգային իրավունքի կիրառումը ՀՀ դատարաններում. Ձևական հղումներ և իրական խնդիրներ
Մարդու իրավունքների պաշտպանությունը ժամանակակից ժողովրդավարական պետության կարևորագույն սկզբունքներից է։ Հայաստանը, վավերացնելով մի շարք միջազգային պայմանագրեր ու կոնվենցիաներ, պարտավորվել է ապահովել այդ նորմերի կիրառումը ներպետական դատարաններում։ Թեև վերջին տարիներին դատարաններում ակտիվացել են հղումները Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) նախադեպերին, ոլորտի մասնագետների գնահատականները ցույց են տալիս, որ այս կիրառությունը հաճախ կրում է ձևական բնույթ։
Սկզբունքների բովանդակային կիրառման անհրաժեշտությունը

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից նշում են, որ Պաշտպանը կարևորում է Հայաստանի կողմից ստանձնած միջազգային պարտավորությունների և մարդու իրավունքների միջազգային չափանիշների լիարժեք կիրառումը ազգային իրավակարգում, այդ թվում՝ դատարանների գործունեության ընթացքում։
Դատարանը կրկին ներկայացված հայցադիմումը ընկալել է որպես «նոր հայց»
Ու թեև ՄԻՊ-ը, լինելով սահմանադրական անկախ մարմին, իրավասու չէ միջամտել դատարանների գործունեությանը կամ կոնկրետ դատական վարույթներին, հաստատությունից ընդգծում են՝ միջազգային չափանիշների արդյունավետ կիրառումը ենթադրում է ոչ միայն դրանց հիշատակում, այլ մարդու իրավունքների հիմնարար սկզբունքների՝ համաչափության, արդար դատաքննության, իրավական որոշակիության և խտրականության արգելքի բովանդակային կիրառում։
Օրենսդրական բացեր և ընտրովի կիրառություն

ԱԺ պատգամավոր Իրինա Գասպարյանի գնահատմամբ՝ ներպետական դատարաններում միջազգային նորմերի կիրառումը ամբողջական և հետևողական չէ։
«Դատարանները որոշ դեպքերում հղում են կատարում միջազգային փաստաթղթերին և կոնվենցիաներին, սակայն այդ նորմերը հաճախ չեն դառնում վճռորոշ գործոն դատական որոշումների կայացման ընթացքում։ Միջազգային չափանիշները տարբեր գործերում կիրառվում են անհավասարաչափ, ինչն առաջացնում է անհամաչափություն և նվազեցնում հասարակության վստահությունը դատական համակարգի նկատմամբ»։
Իրինա Գասպարյանի կարծիքով՝ խնդիրն այն է, որ անհրաժեշտ գործնական գործիքները լիարժեք զարգացած չեն։ Նա նշում է, որ թեև Հայաստանը միացել է մի շարք կարևոր միջազգային փաստաթղթերի, դրանց դրույթները հաճախ ամբողջությամբ չեն արտացոլվում ներպետական օրենսդրության մեջ կամ կիրառվում են ընտրովի կերպով։
Ձևական բնույթ, կրթական բացեր և կալանքներ

Իրավապաշտպան, Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի տնօրեն Սիրանուշ Սահակյանը ևս նշում է, որ դատարանների կողմից միջազգային փաստաթղթերի վկայակոչումը հիմնականում ձևական է։
«Դատավորները հաճախ պարզապես մեջբերում են Եվրոպական դատարանի որոշումներ, բայց չեն իրականացնում խորքային վերլուծություն, թե որքանով են այդ գործերի փաստական հանգամանքները համադրելի քննվող գործի հետ։ Դա դատական ակտի հեղինակությունը բարձրացնող արհեստական միջոցառում է, բայց մենք բովանդակային առումով չենք կարողանում այդ ստանդարտը բերել և մարդու իրավունքի պաշտպանությունը բարձրացնել միջազգային ստանդարտների մակարդակին»։
Սիրանուշ Սահակյանի գնահատմամբ՝ թերի կիրառման հիմնական պատճառներից մեկը մասնագիտական պատրաստվածության պակասն է, քանի որ միջազգային իրավունքը բավարար խորությամբ չի դասավանդվում բուհերում և ակադեմիական հաստատություններում։ Խնդիրը խորանում է նաև լեզվական պատնեշի պատճառով, ինչը դատավորների մոտ առաջացնում է զգուշավորություն՝ միջազգային նորմերն ուղղակիորեն կիրառելու հարցում։
Իրավապաշտպանը հատուկ անդրադառնում է նաև մարդու իրավունքների առավել հաճախ հանդիպող խախտումներին Հայաստանում։ Նրա խոսքով՝ այսօր լուրջ խնդիր է անձնական ազատության իրավունքի սահմանափակումը, մասնավորապես՝ կալանքի լայնածավալ կիրառությունը որպես խափանման միջոց։ Պետությունը թերանում է նաև խախտումների կանխարգելման հարցում. ՄԻԵԴ վճիռներով նախատեսված փոխհատուցումները վճարվում են, սակայն քայլեր չեն ձեռնարկվում, որպեսզի պաշտոնատար անձինք նույնաբնույթ խախտումներ կրկին թույլ չտան։
Այսպիսով, թե՛ ՄԻՊ աշխատակազմի, թե՛ Իրինա Գասպարյանի և Սիրանուշ Սահակյանի գնահատականները ցույց են տալիս, որ Հայաստանի ներպետական դատարաններում միջազգային մարդու իրավունքների նորմերի կիրառման ոլորտում առկա է հակասական իրավիճակ։ Մի կողմից՝ նկատվում է միջազգային չափանիշներին ավելի հաճախ հղում կատարելու միտում, մյուս կողմից՝ այդ կիրառությունը հաճախ մնում է ձևական և ոչ ամբողջական։
Հետևաբար, առաջիկա տարիներին Հայաստանի առաջնահերթություններից պետք է լինեն դատական համակարգի նկատմամբ վստահության բարձրացումը, օրենքների հավասար կիրառումը և մարդու իրավունքների պաշտպանության իրական ու արդյունավետ մեխանիզմների ձեւավորումը։
Հոդվածը ստեղծվել է Participate and Promote Democracy Եվրամիության ծրագրի շրջանակում՝ Bright Future Նիդեռլանդական կազմակերպության և Promising Youth Հայաստանյան կազմակերպության անդամների կողմից։ Կարեն Կոլոսով, Հարություն Սարգսյան, Անի Ավանեսյան, Մարիամ Ասոյան, Անահիտ Ավագյան, Նունե Գրիգորյան



