Բաժիններ՝

Հնդկաստանի անկախության օրը նշվում է նաև Իջևան քաղաքում

Արդեն 67 տարի է` հնդիկ ժողովուրդը օգոստոսի 15-ին նշում է իր անկախությունը:  Տավուշի մարզում այս տոնին նվիրված միջոցառումների շարք կլինի, որի կազմակերպիչը  «Հայ-հնդկական բարեկամություն» հասարակական կազմակերպությունն է՝ Հայաստանում Հնդկաստանի դեսպանատան,  Տավուշի մարզպետարանի, Իջևանի քաղաքապետարանի և Իջևանի գինու-կոնյակի գործարանի աջակցությամբ:

«Հնդկական մշակույթի օրեր» միջոցառումների մեկնարկը տրվել է օգոստոսի 9-ին Իջևանի պատկերասրահում կազմակերպված ցուցահանդեսով, որի բացման հանդիսավոր արարողությանը մասնակցել է նաև Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սուրեշ Բաբուն:

«Հնդկաստանը հայերի աչքերով» խորագրով լուսանկարների և գեղանկարների ցուցահանդեսին ներկայացված են  այն արվեստագետների աշխատանքները, ովքեր անձամբ են եղել Հնդկաստանում և իրենց անմիջական տպավորություններն ու զգացողություններն են  վերարտադրել գեղարվեստի միջոցով:

Տավուշի մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի փոխանցմամբ՝ այցելուները մեծ հետաքրքրությամբ դիտեցին հայ գեղանկարիչներ Վարդան Ավետյանի ու Վլադիմիր Սիմոնյանի «Հնդկաստանի առեղծվածային անդրադարձումները» նկարների շարքը, ինչպես նաև ներկայացված լուսանկարչական աշխատանքները, որոնք պատմում էին հնդկական հնագույն մշակույթի, մարդկանց ու կենցաղի մասին: Նույն օրը երեկոյան Իջևանի մշակույթի տանը մեկնարկեց նաև հնդկական ֆիլմերի շաբաթը, որը կտևի մինչև օգոստոսի 15-ը: Հանդիսատեսին կներկայացվեն բազմաժանր հնդկական ֆիլմեր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս