Վազգեն Առաջինի արձանն ու աղբակույտ այգին (լուսանկարներ)
Մայր աթոռ սուրբ Էջմիածնին հարող պուրակում երեք տարի առաջ մեծ հանդիսավորությամբ բացվեց Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Առաջինի արձանը, որը կանգնեցվել էր միջխորհրդարանական համագործակցության հայ-ռուսական հանձնաժողովի նախագահ Նիկոլայ Ռիժկովի նախաձեռնությամբ:
Էջմիածնեցիները հույս ունեին, որ արձանի տեղադրումից հետո եկեղեցին ուշադրություն կդարձնի պուրակին, այն կարգի կբերի ու քաղաքի կենտրոնի այգին այլևս չի համարվի աղբի, փոշու, չորացած ծառերի, երեկոյան ժամերին հարբեցողների ու երիտասարդների «ռազբորկաների» խորհրդանիշ: Ավաղ, այս ընթացքում ոչինչ չի փոխվել. կիսաչորացած ծառեր, երկաթյա կիսաջարդ նստարաններ, 60-ականներից պահպանված ժանգոտված աղբամաններ, ջարդված սալահատակ ու աղբի կույտեր: Երեկոյան այգին չի լուսավորվում ու այգու անգամ հարևանությամբ քայլելը վտանգավոր է, որովհետև այն հաճախ դառնում է մուրացկանների ու անտուն մարդկանց բնակատեղի:
Առանձնապես մեծ գումար հարկավոր չէ այգին տեսքի բերելու համար: Ընդամենը պետք է հաճախակի ծառերը ջրել, կանաչապատել, փոխել նստարանները, սահմանել հսկողություն և լուսավորել, ու քաղաքի կենտրոնական այգիներից մեկը կրկին կդառնա էջմիածնեցիների սիրելի վայրերից մեկը:
Հետևելով, թե Մայր աթոռի հարևանությամբ ինչ հսկայածավալ շինարարություն է իրականացվում, կարելի է փաստել, որ այգու բարեկարգումն ու կանաչապատումը չի կարող լուրջ խնդիր համարվել եկեղեցու համար: