Սաակաշվիլին պատմել է, որ Ռուսաստանին առաջարկել է հրաժարվել ՆԱՏՕ-ին անդամակցելու կուրսից

Վրացական «Ռուսթավի 2» հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին վստահեցրել է, որ ժամանակին Ռուսաստանին առաջարկել է, որ Թբիլիսին կհրաժարվի ՆԱՏՕ-ին անդամակցելու կուրսից՝ Աբխազիայի ու Հարավային Օսիայի խնդիրների լուծման դիմաց.

«Մենք ասացինք, որ պատրաստ ենք հրաժարվել ՆԱՏՕ-ից և ԱՄՆ-ի հետ առաջադեմ հարաբերություններից, եթե դուք (Ռուսաստանը) ձեր հերթին օգնեք առաջընթաց գրանցել տարածքային հարցերի լուծման խնդրում»:

Սաակաշվիլին հավելել է, որ ռուսական կողմին առաջարկել է պահպանել Վրաստանում նրա ունեցած ամեն տիպի շահերը (Գուդաութայի բազա, Սուխումի օդանավակայան ու նավահանգիստ, տնտեսական շահեր), միայն թե Ռուսաստանը քաշվի Կոդորից այն կողմ և փախստականները կարողանան վերադառնալ Աբխազիա:

Սաակաշվիլիի խոսքերով՝ Վլադիմիր Պուտինն իրեն լուրջ պատասխան չի տվել: Նշվում է, որ Սաակաշվիլիի այս հարցազրույցը կապված է 2008 թվականի օգոստոսյան ռուս-վրացական պատերազմի հնգամյակի հետ:

Տեսանյութեր

Լրահոս