Բաժիններ՝

Գյումրիի Սուրբ Ամենափրկիչը երեկ, այսօր և վաղը (լուսանկարներ)

Յոթ Եկեղեցիների քաղաք. այսպես էին կոչում Գյումրին նախկինում: Հիմա էլ քաղաքը հայտնի է իր եկեղեցիներով, սակայն, ցավոք, եկեղեցիներից դեռևս ոչ բոլորն են կանգուն վիճակում: Ճարտարապետական զարմանալի և տարբերվող առանձնահատկություններ ունեցող քաղաքում եկեղեցիները միշտ ունեցել են իրենց ուրույն տեղը: Այդպիսի առանձնահատկություններ կրող եկեղեցիներից մեկը Սուրբ Ամենափրկիչն է, որի կառուցման շինարարական աշխատանքներն ավարտվել են դեռևս 1873 թվականին: Ճարտարապետական առանձնահատկություններով Ամենափրկիչը կարծես Անիի Մայր Տաճարի կրկնապատկերը լինի:

Տաճարի ճարտարապետը  Թադևոս Անդիկյանն է: Գյումրիի 1926 թվականի ավերիչ երկրաշարժը չկարողացավ վնասել եկեղեցին, փոխարենը Ամենափրկիչն ավերվեց 1988 թվականի կործանարար երկրաշարժի ժամանակ: Շատերն ասում են, որ պատահական չէր երկրաշարժի ժամանակ հենց Ամենափրկչի կործանումը. դա յուրահատուկ հատուցում էր այն բանի համար, որ եկեղեցին 70 տարի շարունակ «օգտագործվում» էր որպես ֆիլհարմոնիկ սրահ, իսկ խորանը` որպես բեմ:

Հիմա էլ քաղաքում շատերը Ամենափրկիչը ճանաչում են որպես երբեմնի Ֆիլհարմոնիայի շենք, ինչը քաղաքի երիտասարդությունը չի հանդուրժում. «Չկա Ֆիլհարմոնիա: Ու երբևէ չի էլ եղել: Կա Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի ու վերջ»,-մեծերի խոսքին հակադարձում են նրանք:

Gyumri (1)

Զուգահեռներ անցկացնելով Անիի Մայր Տաճարի հետ` պետք է նշել, որ Ամենափրկչի խորանը ճիշտ և ճիշտ Մայր Տաճարի նմանությամբ է կառուցված, սակայն, չնայած դրան, եկեղեցիներն ունեն նաև աչք զարնող որոշակի տարբերություններ:  Խորհրդային տարիներին եկեղեցին առգրավվել և ենթարկվել  է բազմաթիվ ավերածությունների: Հետագայում, ինչպես նշեցինք, այն վերածվել է Ֆիլհարմոնիայի, որտեղ ելույթներ էին ունենում երգիչ-երգչուհիներ, սիմֆոնիկ նվագախմբեր: Սուրբ Ամենափրկչում բազմաթիվ ելույթներ է ունեցել Լուսինե Զաքարյանը: Գյումրեցիները պատմում են. «Երբ Լուսինեն երգում էր Ֆիլհարմոնիայում, հիշում ենք, երկար գեղեցիկ կապույտ զգեստ էր հագնում, ու լույսը եկեղեցու շենքի պատուհանից ընկնում էր ուղիղ Լուսինեի վրա: Հրաշալի տեսարան էր, ասես այդ աղջիկը երկնքից իջած լիներ»:

Gyumri (2)

Արդեն քանի տարի՝ Սուրբ Ամենափրկչում Վարդավառի տոնին մատուցվում է Սուրբ Պատարագ: Այս տարին էլ բացառություն չէր. դեռևս վերակառուցման ընթացքում գտնվող եկեղեցին իր մոտ է կանչում հավատացյալներին` ամեն անգամ հիշեցնելով իր ցավի ու տրտմության մասին, և հուսալով, որ մի օր կավարտվեն վերակառուցման աշխատանքները և  եկեղեցին հասանելի կլինի բոլորի համար:

Գյումրու  բոլոր գործող եկեղեցիներն ունեն Երիտասարդաց միություններ, հերթը՝ Սուրբ Ամենափրկչինն է: Քաղաքը սպասում է եկեղեցու վերջնական վերակառուցմանը, որպեսզի մյուս եկեղեցիների պես դառնա հավատացյալների լուռ աղոթատեղի: Իսկ մինչ այդ երիտասարդները նշում են. «Հույսով ենք լցված, որ մինչ վերջնական վերակառուցումը եկեղեցուն էլ ոչ մի բան չի պատահի՝ ոչ մի հրդեհ, ոչ մի կործանում, ոչ մի փլուզում»:

Gyumri-17

Gyumri-12

Gyumri-14

Gyumri-13

Գյումրի

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս