Բաժիններ՝

Իրանը չի պատրաստվում պատերազմել համայն աշխարհի դեմ. Հասան Ռոուհանի

Իրանական Mehr լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի նորընտիր նախագահ Հասան Ռոուհանին երեկ երդում է տվել երկրի խորհրդարանում, ինչին ներկա է գտնվել դատական համակարգի ղեկավար Սադեգ Լարիջանին: Երդում տալուց հետո Ռոուհանին հանդես է եկել ելույթով, որում անդրադարձել է տարբեր ոլորտների:

Ռոուհանին ընդգծել է, որ բոլոր նրանք, ովքեր քվեարկել են իր օգտին կամ իր դեմ, և անգամ նրանք, ովքեր ընդհանրապես չեն մասնակցել ընտրություններին, հանդիսանում են Իրանի քաղաքացիներ, ունեն հավասար իրավունքներ և կառավարությունը պարտավոր է կատարել նրանց բոլոր պահանջները:

Ռոուհանին հավելել է, որ նոր կառավարությունը վերականգնելու է կանանց հնարավորությունները, որպեսզի նրանք կարողանան ավելի լայն մասնակցություն ունենալ տարբեր ոլորտներում, ինչը համարվում է առաջնահերթ.

«Գլխավոր նպատակը խտրականության ու կոռուպցիայի դեմ պայքարն է: Անհրաժեշտ է միավոր ջանքերը կոռուպցիայի դեմ պայքարում, բարձրացնել բարեկեցությունը և տեխնիկական առաջընթացի հետագա զարգացումը: Մենք պետք է հավատանք հասարակական կազմակերպություններին, մենք պետք է վստահենք մարդկանց, անկեղծ շփվենք նրանց հետ»:

Ռոուհանին ընդգծել է, որ Իրանը հանդիսանում է քաոսային իրավիճակում գտնվող տարածաշրջանի կայունության կենտրոն՝ հավելելով, որ Իրանը կարիք չունի համայն աշխարհի դեմ պատերազմելու.

«Պատժամիջոցներն ու պատերազմի սպառնալիքները չեն կարող Իրանի ժողովրդին հարկադրել հանձնվել: Փոխգործակցությունն ու համագործակցությունը մեր հիմքերն են այլ երկրների հետ մեր հարաբերություններում: Եթե մեկը ցանկանում է դրական պատասխան ստանալ Իրանից, ապա դա հնարավոր է միայն հարգանքի հիման վրա և ոչ թե պատժամիջոցների միջոցով»:

Նշվում է, որ օգոստոսի 3-ին Իրանի նախագահի պաշտոնում Հասան Ռոուհանիին հաստատել է Իրանի գերագույն ղեկավար և հոգևոր առաջնորդ, այաթոլլահ Ալի Խամենեին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս