Բաժիններ՝

Գագիկ Մինասյանը խեղաթյուրո՞ւմ է, թե՞ տեղեկատվությանը չի տիրապետում

Այս տարվա առաջին եռամսյակում ՀՀ տնտեսությունում կատարված օտարերկրյա ուղղակի ներդրումները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվել են 35.4 տոկոսով՝ կազմելով հաշվետու ժամանակահատվածում կազմել են 57.7 մլն դոլար։

Լրագրողները ներդրումների նվազման վերաբերյալ այսօր փորձել են մեկնաբանություններ ստանալ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր, ֆինանսավարկային և բյուջետային հարցերով խորհրդարանական հանձնաժողովի ղեկավար Գագիկ Մինասյանից։ Վերջինս կարծիք է հայտնել, որ Հայաստանի տնտեսության իրական հատվածում օտարերկրյա ներդրումների ծավալների կրճատումը 2013 թվականի առաջին եռամսյակում համապատասխանում է միջազգային միտումներին։

«Անորոշությունների և ճգնաժամերի ընթացքում կրճատվում են, նախևառաջ, ներդրումների ծավալները։ Այսօր աշխարհում չկա որևէ երկիր, որտեղ այս տարի ներդրումների աճ նկատվեր»,– ըստ «ԱՌԿԱ»-ի ասել է Մինասյանը։

Գագիկ Մինասյանը միշտ էլ աչքի է ընկել իր խիստ յուրօրինակ և առարկություն չհանդուրժող տոնով արվող դատողություններով, որոնք, սովորաբար, իրականության հետ կապ չունեն։

Կարդացեք նաև

Այս դեպքում, ապացուցելու համար, որ Գագիկ Մինասյանը սխալվում է, բավական է գտնել ընդամենը մեկ երկիր, որտեղ ընթացիկ տարում ներդրումներն աճել են։

Դա այնքան էլ դժվար գործ չէ, և հեռուն գնալու կարիք չկա։ Վերցնենք մեզ ամենամոտ, տնտեսական առումով՝ ամենասերտ հարաբերություններ ունեցող և դաշնակից երկիրը՝ Ռուսաստանը։ Այս տարվա առաջին եռամսյակում Ռուսաստանի տնտեսությունում օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ  աճել է 65.3%-ով՝ 3.8 միլիարդ դոլարից հասնելով 6.3 միլիարդ դոլարի։ Իսկ ընդհանուր օտարերկրյա ներդրումներն աճել են 65.7%-ով։ Այս տվյալները կարելի է գտնել ՌԴ ֆինանսների նախարարության պաշտոնական կայքում։

Եթե Գագիկ Մինասյանը չի նկատել Հայաստանի գլխավոր տնտեսական գործընկերով ներդրումների աճը, ապա բնականաբար չի նկատի նաև օտարերկրյա ուղղակի ներդրումների աճը մյուս երկրներում, օրինակ, Ուկրաինայում (76%-ով) կամ Բելառուսում (18.2%)։ Էլ չենք խոսում հեռավոր երկրների (օրինակ Չինաստանի մասին), որտեղ ընթացիկ տարում ներդրումները նույնպես աճել են։

Այսինքն՝ Գագիկ Մինասյանը ճիշտ չի ասում, երբ հայտարարում է, որ աշխարհում չկա որևէ երկիր, որտեղ որտեղ այս տարի ներդրումների աճ նկատվեր։

Այսքանից հետո կարելի է անել երկու ենթադրություն։ Կամ Գագիկ Մինասյանը պարզապես չի տիրապետում տեղեկատվությանը և օդի մեջ հայտարարություններ է անում, կամ էլ պարզապես միտումնավոր խեղաթյուրում է փաստերը։

Ընդ որում, երկու դեպքում էլ իրավիճակը աբսուրդային է, որովհետև Գ. Մինասյանը ոչ թե բակում նարդի խաղացող թոշակառու է, որը կարող է խաղընկերների հետ զրուցել ու երբեմն էլ սխալվել, այլ պետական պաշտոնյա՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերով խորհրդարանական հանձնաժողովի ղեկավարը։

Աշխարհում թերևս չկա այնպիսի երկիր, որտեղ նման դիրք զբաղեցնող պաշտոնյան այպիսի «կիքս» թույլ տար, և դա մնար անհետևանք։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս