Բաժիններ՝

Դատախազը խնդրել է մեղմացնել Բեռլուսկոնիի դատավճիռը

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իտալիայի Գերագույն դատարանը երեկ սկսել է դիտարկել նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի փաստաբանների ներկայացրած բողոքը՝ կապված հարկային մեքենայությունների վերաբերյալ կայացված դատավճռի հետ:

Նիստի ժամանակ պետական մեղադրողը խնդրել է 5 տարուց 3 տարվա կրճատել Բեռլուսկոնիի կողմից պետական պաշտոն զբաղեցնելու վրա դրված արգելքը: Միևնույն ժամանակ դատախազը պահանջել է ուժի մեջ թողնել մեկ տարով ազատազրկելու մասին որոշումը:

Այսօր նույնպես տեղի է ունենալու դատական նիստ, որի ընթացքում լսվելու են պաշտպանվող կողմի փաստաբանների փաստարկները: Գերագույն դատարանը եզրափակիչ որոշումը կայացնելու է օգոստոսի 1-ին:

Ֆինանսական մեքենայությունների գործով Բեռլուսկոնիի դատավճիռն առաջին ատյանի դատարանը կայացրել է 2012 թվականի հոկտեմբերին: Դատարանն ամերիկյան ֆիլմերի ցուցադրության իրավունքը գնած Mediaset ընկերությունը գլխավորող Բեռլուսկոնիին մեղավոր է ճանաչել հարկային մեքենայություններում:

Բեռլուսկոնին դատապարտվել էր 4 տարվա ազատազրկման, սակայն համաներման պատճառով դա կրճատվել էր մինչև մեկ տարվա ազատազրկման: Բացի այդ, քաղաքական գործչին արգելել էին հնգամյա ժամկետում զբաղեցնել պետական պաշտոն: 2013 թվականի մայիսին Վերաքննիչ դատարանն անփոփոխ էր թողել այդ վճիռը:

2013 թվականին Բեռլուսկոնին ազատազրկման դատապարտվեց ևս երկու քրեական գործով: Մարտին նա դատապարտվեց մեկ տարվա ազատազրկման՝ իր քաղաքական հակառակորդներին ապօրինի գաղտնալսելու համար, իսկ հունիսին՝ մինչև 7 տարվա ազատազրկման՝ անչափահաս պարուհու հետ սեռական կապ ունենալու համար:

Բեռլուսկոնիի փաստաբանները կանոնավոր բողոքարկում են դատական բոլոր որոշումները, ինչի շնորհիվ էլ Բեռլուսկոնին ցայժմ գտնվում է ազատության մեջ: Նա անձամբ հերքում է բոլոր մեղադրանքները՝ համարելով, որ այդ ամենն իր քաղաքական հակառակորդների ձեռքի գործն է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս