Մեծ Բրիտանիան բանավոր բողոք է հայտնել Իսպանիային
BBC-ի փոխանցմամբ՝ Մեծ Բրիտանիան բանավոր բողոք է հայտնել Մադրիդին՝ կապված Ջիբրալթարի ու Իսպանիայի սահմանին ավտոմեքենաների մեծ կուտակումների հետ: Նշվում է, որ մարդիկ ստիպված են լինում սպասել վեց ժամ՝ Իսպանիայի սահմանը հատելու համար:
Դրա պատճառն այն է, որ Իսպանիայի սահմանապահ ու մաքսային ծառայությունները վերջին օրերին խստացրել են Ջիբրալթարի տարածքը լքող ավտոմեքենաների նկատմամբ վերահսկողությունը:
Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ուիլյամ Հեյգը երեկ հեռախոսազրույց է ունեցել իր իսպանացի գործընկեր Խոսե Մանուել Գարսիա Մարգալիոյի հետ և խորին անհանգստություն է հայտնել Իսպանիայի իշխանությունների գործողությունների և Ջիբրալթարի հետ սահմանին ստեղծված իրավիճակի կապակցությամբ:
Տեղի դիտորդները կարծում են, որ Իսպանիայի կողմից վերահսկողության խստացումը կապված է նախորդ շաբաթ Միջերկրական ծովում երկու երկրների պարեկային մոտորանավակների մասնակցությամբ գրանցված միջադեպի հետ:
Միջադեպն իր հերթին կապված է եղել Լոնդոնի՝ Ջիբրալթարին հարակից ջրատարածությունում արհեստական խութ կառուցելու մտադրությանը: Իսպանական Քաղաքացիական գվարդիայի մոտորանավակը փորձել է խանգարել շինարարությանը, քանի դեռ գործին չի միջամտել ջիբրալթարյան առափնյա պաշտպանությունը: