Ադրբեջանական ընդդիմության ղեկավարներն այս շաբաթ կհավաքվեն Թբիլիսիում
Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ժողովրդավարական ուժերի Ազգային խորհրդի (ԺՈՒԱԽ) անդամները պլանավորել են այս շաբաթ մեկնել Թբիլիսի՝ խորհրդակցություններ անցկացնելու իրենց նախագահ և միասնական թեկնածու Ռուստամ Իբրահիմբեկովի հետ:
Թբիլիսյան հանդիպման ժամանակ քննարկվելու են Ադրբեջանում տիրող իրավիճակին առնչվող ընթացիկ հարցեր, ինչպես նաև Ռուստամ Իբրահիմբեկովի Բաքու վերադառնալու հարցը: Վերջինս իր հերթին ԺՈՒԱԽ-ի անդամներին կիրազեկի ոչ վաղ անցյալում ԱՄՆ-ում, Եվրոպայում ու Ռուսաստանում իր անցկացրած բարձր մակարդակի հանդիպումների մասին:
Ադրբեջանական իշխանությունները քրեական գործ են հարուցել Իբրահիմբեկովի նկատմամբ՝ կապված պետմիջոցների յուրացման հետ, ինչի պատճառով էլ Իբրահիմբեկովին սպառնում է Բաքու վերադառնալու դեպքում ձերբակալում:
Սակայն 74-ամյա կինոդրամատուրգ Իբրահիմբեկովը մտադիր չէ նահանջել և պլանավորել է վերադառնալ մինչև օգոստոսի 19-ը, երբ կմեկնարկի հոկտեմբերին կայանալիք նախագահական ընտրությունների համար նախագահի թեկնածուների պաշտոնական գրանցման կամպանիան:
Հիշեցնենք, որ սրանից առաջ նշվում էր, թե Իբրահիմբեկովը Թբիլիսի է ժամանելու հուլիսի 30-ին, իսկ դրա հաջորդ օրը՝ Բաքու: