
Ռուստամ Իբրահիմբեկովը Բաքու է ժամանելու հուլիսի 31-ին

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ժողովրդավարական ուժերի Ազգային խորհրդի նախագահ Ռուստամ Իբրահիմբեկովը Բաքու է վերադառնալու հուլիսի 31-ին՝ «Թբիլիսի-Բաքու» չվերթով: Այս մասին գործակալությանը հայտնել են Եվրոպայում եղած աղբյուրները:
ԺՈՒԱԽ-ում եղած աղբյուրները հաստատել են այդ տեղեկատվությունը: Իբրահիմբեկովն այսօր Բեռլինից մեկնելու է Բրյուսել, ուր և անցկացնելու է մի շարք հանդիպումներ: Դրանից հետո նա մեկնելու է Մոսկվա: Հուլիսի 30-ին Իբրահիմբեկովը ժամանելու է Թբիլիսի, իսկ հուլիսի 31-ին՝ Բաքու:
Նախորդ շաբաթների ընթացքում Իբրահիմեկովը՝ որպես ադրբեջանական ընդդիմության միասնական նախագահի թեկնածու, մի շարք հանդիպումներ է անցկացրել ԱՄՆ-ում և Մոսկվայում՝ հանդիպելով պաշտոնատար և ոչ պաշտոնատար անձանց հետ:
Այդ հանդիպումներում քննարկվել են ԺՈՒԱԽ-ի պլանները և Ադրբեջանում տիրող հասարակական-քաղաքական իրավիճակը: Նույն թեման քննարկվում է նաև Եվրոպայում նրա հանդիպումներում:
Հիշեցնենք, որ Ադրբեջանի իշխանություններին մոտ կանգնած Olaylar.az գործակալությունը երեկ, վկայակոչելով իր աղբյուրները, հայտնել էր, որ Ադրբեջան վերադառնալու դեպքում Իբրահիմբեկովին ձերբակալելու են: